Հայաստանը չի կարող անվերջ հետաձգել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրությունը. Պյոտր Կոլչին
17 Նոյեմբերի 2026, 21:40
Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հետագա անդամակցության հեռանկարները։
Փորձագետի կարծիքով՝ Երևանը ձգտում է միաժամանակ զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ և պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության տնտեսական առավելությունները։ Սակայն, Կոլչինի համոզմամբ, նման քաղաքականությունը Հայաստանին թույլ չի տա անվերջ հետաձգել արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթությունների հստակեցումը։
«Իհարկե, Փաշինյանը շարունակում է իր ընտրած՝ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Նա բացահայտ հայտարարում է, որ իր վարչակազմը ձգտում է դեպի Եվրամիություն, միևնույն ժամանակ փորձում է հնարավորինս հետաձգել ԵԱՏՄ-ից դուրս գալը՝ Հայաստանի համար պահպանելով անդամակցության ընձեռած բոլոր տնտեսական արտոնությունները։ Եվրասիական միությունը և Ռուսաստանը՝ որպես դրա խոշորագույն անդամ, բազմիցս հասկացնել են տվել, որ նման տարբերակն իրենց չի բավարարում։ Անհրաժեշտ է հստակ որոշել, թե ում հետ է Հայաստանը տեսնում իր ապագան, և դադարել ԵԱՏՄ մյուս երկրների հաշվին տնտեսական առավելություններ ստանալու փորձերից»,– նշել է փորձագետը։