Բա զոհվեի՛ք․ Փաշինյանն՝ ընդդիմադիր պատգամավորներին

18 Նոյեմբերի 2026, 18:26

Քաղաքականություն

«Ղարաբաղի դրոշները կախել եք, բայց չեք մտածել՝ ով է զոհվելու Բայրաքթարների տակ։ Դե հիմա ասեք՝ ո՞վ է զոհվելու «Բայրաքթարների» տակ, ո՞վ է կայացնելու այդ որոշումը։ Բա զոհվեիք»,- այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։

Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է Արցախի դրոշների անհետացմանը, Անկախության հռչակագրի և Սահմանադրության փոփոխության հարցերին՝ իշխանություններին մեղադրելով նախկին դիրքորոշումներից հրաժարվելու և Բաքվի պահանջներին ընդառաջ գնալու մեջ։ Պատգամավորը նաև նշել է, որ Արցախի դրոշներն ԱԺ-ից և Ֆրանսիայի հրապարակից հեռացվել են իշխանությունների կողմից։ Նա մտահոգություն է հայտնել, որ հերթական խուզարկության ժամանակ կարող են առգրավել նաև իր տան պատշգամբից տարիներ շարունակ կախված Արցախի դրոշը։

«Ադրբեջանի ասածն անելու համար ինչպե՞ս կարելի է ամեն ինչ ուրանալ։ Ուրանալ 30 տարին, ուրանալ 100 տարին»,- հայտարարել է պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրոշներ կախելու խորհրդանշական քայլերն իրականացվել են առանց դրանց անվտանգային հետևանքները հաշվի առնելու՝ հիշատակելով 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառումը։

Վարչապետը նաև ընդդիմադիր շրջանակներին մեղադրել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների զոհերի գնով Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու փորձի մեջ։

«Հենց այստեղ է ամբողջ խնդիրը, որ այդ դրոշները կախել եք և չեք մտածել «Բայրաքթար»-ի տակ զոհվելու մասին։ Տարել եք զոհվելու, որ այդ երեխեքի զոհերի գնով Հայաստանում իշխանափոխություն անեք»,- կուրծքը ծեծելով՝ նշել է վարչապետը։

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքել է։ «Էժան, դիշովի զրույցի թեմա եք բացել։ Հերիք է էլի, ով գնաց ծառայեց, ով՝ ոչ։ Մենք էլ լավ գիտենք, թե Բալուջայում ոնց են ծառայել։ Բերանս եք բացո՞ւմ»,-ասել նա՝ ակնարկելով Փաշինյանի որդուն։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ զինվորի նպատակը ողջ մնալն է․ «Հերիք է մարդկանց մեղադրեք չզոհվելու մեջ։ «Բայրաքթարներով» դուք եք վախեցնում»։