Արդյոք այս բյուջեն բարեկեցության բյուջե՞ է․ Վարդևանյանը՝ ԿԲ ղեկավարին
19 Նոյեմբերի 2026, 16:05
ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը պետական բյուջեի քննարկման ժամանակ հարց է բարձրացրել, թե արդյոք ներկայացված բյուջեն կարելի է համարել բարեկեցության բյուջե։
Պատգամավորը, դիմելով ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանին, նշել է, որ ցանկանում է լսել ոչ թե ընդհանուր տնտեսական իրավիճակի, այլ հենց բյուջեի վերաբերյալ նրա գնահատականը։
«Ես կխնդրեի ոչ թե ընդհանուր իրավիճակի տեսանկյունից, որի ելակետերը դուք ներկայացրեցիք, այլ ընդհանուր առմամբ մեր բյուջեի տեսանկյունից՝ արդյոք դուք որպես հարակից զեկուցող գնահատում եք այս բյուջեն որպես բարեկեցության բյուջե, թե ոչ»,- հարցրել է Վարդևանյանը։
Նա նաև հիշեցրել է, որ ֆինանսների նախարարը նշել է կենսաթոշակների բարձրացման մասին՝ հետաքրքրվելով, թե այդ հանգամանքը որքանով է արտացոլում բյուջեի սոցիալական ուղղվածությունը։
Վարդևանյանը հարց է բարձրացրել նաև դրամի և դոլարի փոխարժեքի հնարավոր փոփոխության վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե այդ դեպքում որքանով կարող է փոխվել պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը։
Ի պատասխան՝ զեկուցողը նշել է, որ դրամի արժեզրկման դեպքում արտարժույթով արտահայտված պետական պարտավորությունների դրամային արժեքն աճում է, ինչն էլ կարող է ազդել պարտք/ՀՆԱ հարաբերակցության վրա։