«Pour toi Arménie»-ն՝ հայերենով․ Տիտիանո Արսոնի առաջին մենահամերգի հուզիչ դրվագը Ռուսաստանում
19 Նոյեմբերի 2026, 20:13
Նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի Imperial Hall համերգասրահում Ռուսաստանում իր առաջին մենահամերգով հանդես է եկել ֆրանսիացի երգիչ Տիտիանո Արսոնը։ Նա գրավել է հանդիսատեսի ուշադրությունը Շառլ Ազնավուրի ձայնին զարմանալիորեն նմանվող իր ձայնով և կատարողական ոճով։
Համերգի ընթացքում «Իմպերիալ» սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչել են ֆրանսիական շանսոնի մեծանուն վարպետ Շառլ Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները։
Երեկոյի ամենանշանակալի և հուզիչ պահերից մեկը Տիտիանո Արսոնի և Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ընկերության մանկական երգչախմբի համատեղ ելույթն էր։ Նրանք Շառլ Ազնավուրի «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգը կատարել են հայերենով։
Այս ստեղծագործությունն առանձնահատուկ տեղ ունի համաշխարհային երաժշտության պատմության մեջ։ Շառլ Ազնավուրը երգը գրել է 1988 թվականի ավերիչ Սպիտակի երկրաշարժից հետո։ 1989 թվականին դրա կատարմանը միացել են ֆրանսիացի տասնյակ անվանի երգիչներ ու արտիստներ։ Երգը դարձել է աղետից տուժած Հայաստանին աջակցելու նպատակով իրականացված լայնածավալ մարդասիրական նախաձեռնության խորհրդանիշներից մեկը։
Տասնամյակներ անց այս ստեղծագործությունը կրկին միավորել է տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգի բեմում։ Ֆրանսիացի երգիչն ու ռուս մանուկները Հայաստանի մասին երգը հնչեցրել են հայերենով։ Սա պարզապես համերգային կատարում չէր․ այն հիշողության, կարեկցանքի և համերաշխության արտահայտություն էր՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ արվեստն ունակ է հաղթահարելու սահմաններն ու միավորելու մարդկանց սրտերը։
Երեկոյի առանձնահատուկ մթնոլորտին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի «Արիստայլ» երգի և պարի համույթի պատանի սաները։ Նրանց ներկայացրած հայկական ազգային պարը դարձել է համերգի վառ ու ինքնատիպ զարդը։
Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսի համար մեկ այլ հաճելի անակնկալ էր Տիտիանո Արսոնի՝ ռուսերենով կատարումը։ Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել Իգոր Կորնելիուկի «Город, которого нет» երգը՝ սիրով միանալով ծանոթ երգի կատարմանը։
«Հավերժական սեր» խորագրով համերգը ոչ միայն Շառլ Ազնավուրի հարուստ երաժշտական ժառանգությանն առնչվելու հնարավորություն էր, այլև մի յուրահատուկ երեկո, որի ընթացքում ֆրանսիական, ռուսական և հայկական մշակույթները հանդիպեցին ու միավորվեցին մեկ բեմում։