Շենժենում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են իրողությունները․ Դմիտրի Ռոդիոնով
20 Նոյեմբերի 2026, 17:33
Քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը։
«Նախևառաջ կցանկանայի ցրել այս հանդիպման շուրջ ստեղծված առասպելները, որոնք, ըստ էության, արհեստականորեն շրջանառության մեջ էին դրվում՝ գլխավորապես եվրոպական լրատվամիջոցների կողմից։ Խոսքն այն պնդումների մասին է, թե սա լինելու է «նոր Յալթա», թե այնտեղ աշխարհը կբաժանեն, Եվրոպան կկիսեն։ Եվրոպական պարբերականներում նույնիսկ համապատասխան ծաղրանկարներ էին հայտնվել, որոնցում երեք առաջնորդները միմյանց էին մատուցում տարբեր երկրների հետ առնչվող ուտեստներ, իսկ վերնագրերում ասվում էր. «Եթե սեղանի շուրջ չես, ուրեմն սեղանի տակ ես» և այլն։
Սակայն եկեք, այնուամենայնիվ, վերադառնանք իրականություն։ Նման բան ոչ միայն տեղի չի ունեցել, այլև ընդհանրապես նախատեսված չի եղել։ Յալթայի հետ համեմատությունն ուղղակի չափազանց արհեստական է։ Չէ՞ որ Յալթայում իսկապես կայացել էր մարդկության պատմության ամենախոշոր պատերազմի արդյունքներին նվիրված համաժողով, որի ընթացքում որոշվում էին աշխարհի հետագա ճակատագրերը։ Այն ժամանակ այդ առաջնորդները դաշնակիցներ էին, նրանց միավորում էին ընդհանուր թշնամին, համատեղ հաղթանակը և մի շարք այլ հանգամանքներ։
Այսօր աշխարհի ճակատագիրը որոշող որևէ հարց չի քննարկվում, հաղթողների միասնական ճամբար գոյություն չունի։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը Միացյալ Նահանգների մասին է, որոնք բացահայտ հայտարարում են. «Այո՛, մենք զենք ենք մատակարարում Ուկրաինային, և ի՞նչ կա դրա մեջ», այն դեպքում, երբ Ուկրաինան այդ զենքի, հետախուզական տվյալների, «Սթարլինք» համակարգի և այլ միջոցների օգնությամբ հարվածներ է հասցնում Ղրիմի կամրջին, կներեք, բայց ԱՄՆ-ին Ռուսաստանի դաշնակից անվանել, մեղմ ասած, լեզուս չի պտտվի», – նշել է փորձագետը։
Ռոդիոնովի կարծիքով՝ այն հանգամանքը, որ տեսախցիկների առջև կողմերն անդրադարձել են համաշխարհային օրակարգի ընդհանուր հարցերին, ամենևին չի նշանակում, թե կուլիսներում, լրագրողների ներկայությունից հեռու, ավելի խորքային բանակցություններ չեն ընթացել այլ թեմաների շուրջ։
«Ըստ էության, առանցքային հարցերից ոչ մեկը չի քննարկվել՝ ո՛չ միջուկային զինաթափման խնդիրը, ո՛չ Ուկրաինայի հարցը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ առևտրատնտեսական պատերազմները, որոնք Միացյալ Նահանգներն այսօր փորձում է պարտադրել ամբողջ աշխարհին։ Այսինքն՝ երկրները հանդես եկան «հանուն ամեն լավի և ընդդեմ ամեն վատի» սկզբունքով հայտարարությամբ։
Սակայն դա ամենևին չի նշանակում, որ կուլիսներում, այնտեղ, որտեղ լրագրողների տեսախցիկները չեն աշխատում, չեն քննարկվել հրատապ որևէ հարցեր։ Սա պարզապես դիրքորոշումների ճշգրտման հանդիպում էր, որի ընթացքում առաջնորդները նաև կիսվեցին, այսպես ասած, իրենց մտահոգություններով։ Ինչպես նշել է Պուտինը՝ կողմերն արձանագրեցին առկա իրողությունները։ Եվ ոչ ավելին», — հավելել է բանախոսը։