ՀՀ իշխանությունները պետք է ազնվորեն ներկայացնեն ԵՄ-ին անդամակցելու հնարավոր հետևանքները․ Իգոր Սեմյոնովսկի

20 Նոյեմբերի 2026, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության դոցենտ Իգոր Սեմյոնովսկին Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի գործող իշխանությունների եվրաինտեգրման քաղաքականությանը, այդ ուղեգծի ու ԵԱՏՄ անդամակցության անհամատեղելիությանը, դրանից բխող իրավական ռիսկերին, ինչպես նաև Շենժենում կայացած Պուտին-Սի Ծինփին-Թրամփ եռակողմ հանդիպմանը։

Սեմյոնովսկու խոսքով՝ դեկտեմբերին Փաշինյանը կփորձի քայլեր ձեռնարկել 2019 թվականից վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն դա հեշտ չի լինի, քանի որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում, եվրասիական ինտեգրման և ՀԱՊԿ-ի շրջանակում արդեն լուրջ բացասական ֆոն է ձևավորվել։

«Առանձին հարցերում Հայաստանի համար կարող են շահավետ լինել համագործակցության որոշ քայլեր, օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցումը, որի վերաբերյալ առայժմ կա «Ռոսատոմ»-ի կոնկրետ առաջարկը, կամ «Հարավկովկասյան երկաթուղին» արաբական հիմնադրամներին կամ Ղազախստանին փոխանցելու քննարկումները։ Վերջինս, սակայն, արդեն հրաժարվել է այդ առաջարկից։

Սակայն գլխավորն այլ է. Հայաստանի խորհրդարանի կողմից եվրաինտեգրման գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները միանշանակ ամրագրում են դեպի Եվրամիություն ուղղված քաղաքական կուրսը։

ԵԱՏՄ անդամ չորս երկրների առաջնորդները կոչ արեցին հանրաքվե անցկացնել, սակայն ի սկզբանե պարզ էր, որ այն չի կայանալու։ Հայաստանի ղեկավարությունը կփորձի առավելագույնս օգտվել ԵԱՏՄ անդամակցության առավելություններից՝ միաժամանակ հասարակությունը, տեղեկատվական դաշտն ու տնտեսական օրակարգը վերափոխելով եվրաինտեգրման ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Փորձագետը մատնանշել է նաև այն գործնական հետևանքները, որոնց Հայաստանը կբախվի եվրաինտեգրման ուղեգիծը հետևողականորեն իրականացնելու դեպքում՝ հաշվի առնելով իշխանությունների հայտարարած արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

«Գոյություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը, Փաշինյանի երդմնակալության ելույթը, ինչպես նաև նրա եվրոպական շրջագայությունները՝ Դուբլին, Փարիզ, Ստրասբուրգ, Դավոս, Վարշավա։ Եթե քաղաքական գործիչը նման հայտարարություններ է անում, ապա պարտավոր է դրանք կյանքի կոչել։

Հունվարի 1-ից Բրյուսելը դադարեցնում է ռուսական խողովակաշարային գազի մատակարարումը Եվրոպա, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նաև հեղուկացված բնական գազի ներկրումը։ Եթե Հայաստանն իսկապես ձգտում է անդամակցել Եվրամիությանը, ապա 2027 թվականից ստիպված կլինի հրաժարվել ռուսական գազից և միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Դա կհանգեցնի ռուսական պարենային և սպառողական շուկայի փակմանը, ուղիղ ավիաչվերթների դադարեցմանը, բեռնափոխադրումների կասեցմանը, մաքսակետերի փակմանը՝ այնպես, ինչպես Բալթյան երկրներում, Լեհաստանում կամ Ֆինլանդիայում։

Նույնը վերաբերում է նաև աշխատանքային միգրացիային. Հայաստանն իր իսկ ձեռքով կկտրվի ռուսական աշխատաշուկայից։

Կառավարությունը պետք է բացահայտ և ազնվորեն հասարակությանն ու գործարար շրջանակներին ասի, որ դեպի ԵՄ ուղեգիծը նշանակում է գազի և էներգակիրների մատակարարումների դադարեցում, լոգիստիկ կապերի խզում և ռուսական շուկայի կորուստ։ Էլ չեմ խոսում այն արժեքների մասին, որոնք անընդունելի են հայ հասարակության համար, ինչպիսիք են, օրինակ, միասեռականների շքերթները»,- ընդգծել է Սեմյոնովսկին։

Հիմա եթերում