Բրազիլիայում մոլեգնած փոթորիկը ավերել է 8 հազար տուն, կա 3 զոհ

21 Նոյեմբերի 2026, 11:31

Միջազգային

Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Տուպանսիրատան քաղաքում ուժեղ փոթորկի հետևանքով երեք մարդ է զոհվել, հազարավոր տներ՝ ավերվել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։
«Քաղաքում փոթորկի հետևանքով հաստատվել է երեք մարդու մահը»,- լրատվամիջոցին հայտնել է նահանգի քաղաքացիական պաշտպանության համակարգող, գնդապետ Լուսիանո Բոյրան։

Քաղաքապետ Գուստավո Տերրայի խոսքով՝ տարերային աղետը վնասել է գրեթե բոլոր բնակելի տները։ Քաղաքի 8600 տներից շուրջ 8000-ը ավերվել են, զրկվել տանիքներից կամ այլ վնասներ կրել։

«Ամբողջ առևտրային ոլորտը, արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղական տարածքները, հացահատիկի պահեստներն ու բնակելի թաղամասերը ավերված են։ Այժմ կազմակերպում ենք տուժած բնակիչների տեղավորումը և անհրաժեշտության դեպքում նրանց հարևան համայնքներում ընդունելու տարածաշրջանային համակարգ ենք նախապատրաստում»,- ասել է քաղաքապետը։

Նահանգի փոխնահանգապետ Գաբրիել Սոուզան հայտնել է, որ տուժածներին առաջնային օգնություն ցուցաբերելու նպատակով քաղաքային քաղաքացիական պաշտպանության հիմնադրամից հատկացվել է 2 միլիոն ռեալ՝ շուրջ 340 հազար դոլար։

Օդերևութաբանների տվյալներով՝ քաղաքը հայտնվել է գերհզոր ամպրոպային համակարգի՝ սուպերբջջի ազդեցության տակ։ Բրազիլիայի օդերևութաբանության ազգային ինստիտուտի կայանը գրանցել է մինչև 114 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։

Տուպանսիրատանի կենտրոնական փողոցները ծածկվել են կարկուտով, շենքերի բեկորներով, տապալված ծառերով ու էլեկտրասյուներով։ Քաղաքում խափանվել են էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը, կապի հետ կապված նույնպես խնդիրներ են առաջացել։

Քաղաքի միակ հիվանդանոցը զրկվել է տանիքից, վնասվել է բժշկական սարքավորումը։ Վիրավորներին տեղափոխում են հարևան քաղաքների բուժհաստատություններ։
Նահանգի իշխանությունները աղետի հետևանքները վերացնելու նպատակով տուժած քաղաք են ուղարկել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, հրշեջներ, ռազմական ոստիկանության ուժեր և այլ ծառայություններ։