«Delta Air Lines»-ի համակարգի խափանումը խաթարել է ավիահաղորդակցությունը ԱՄՆ-ում
22 Նոյեմբերի 2026, 23:14
Կիրակի օրը ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի օդանավակայանում «Delta Air Lines»-ի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խափանումը զանգվածային ուշացումների պատճառ է դարձել ամբողջ երկրում։ Այս մասին հայտնում է «The New York Post» պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շարքից դուրս է եկել օդանավերի քաշի և ծանրության կենտրոնի հաշվարկման ծրագիրը։ Տեղական ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում հետաձգվել է 681 թռիչք, իսկ փոխադրողի ուշացած չվերթների թիվը հասել է 591-ի։ Օդային երթևեկությանը հետևող «FlightAware» հարթակի տվյալներով՝ Ատլանտայից մեկնող ինքնաթիռների միջին ուշացումը գերազանցել է մեկ ժամը։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պետական կառույցներում և խոշոր ընկերություններում վերջին շրջանում արձանագրված մի շարք լուրջ տեխնիկական խնդիրների ֆոնին։ Մեկ շաբաթ առաջ Դաշնային ավիացիոն վարչությունը կապի խափանման պատճառով ավելի քան չորս ժամով դադարեցրել էր օդանավերի մեկնումները ողջ երկրում։ Խափանումներ էին եղել նաև օդային երթևեկության կառավարման կենտրոնների կապի համակարգերում։
Բացի այդ, վերջին շրջանում լայնածավալ տեխնիկական անսարքություններ են արձանագրվել «Microsoft» ընկերության, «United Airlines» ավիաընկերության և «JPMorgan Chase» բանկի համակարգերում։