Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով․ Նարեկ Կարապետյան
23 Նոյեմբերի 2026, 21:26
Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարությանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է, որ ոչ միայն Հայաստանի վարչապետն, այլև ամբողջ հայ ժողովուրդն անցնի իր թրի տակով։
«Մենք կանգնելու ենք այդ փորձի դեմ և մեր ազգային արժանապատվությունն առևտրի առարկա չենք դարձնելու»,- ընդգծել է նա։
Նարեկ Կարապետյանը Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը որակել է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջի կատարում՝ նշելով, որ իշխանությունների ներկայացրած հիմնավորումները չեն փոխում իրականությունը, և նախաձեռնության հիմքում արտաքին պահանջն է։
Նրա խոսքով՝ վարչապետը փորձում է հանրությանը համոզել, թե Սահմանադրության փոփոխությունը արտաքին ճնշման հետևանք չէ, մինչդեռ նախկինում Ազգային ժողովում ավելի վաղ արած հայտարարությունը հակառակն է ապացուցում։
«Եթե սա արտաքին ճնշմամբ չի արվում, ապա ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց՝ գնամ, բանակցեմ, որ սա դառնա մեր վերջին զիջումը։ Եթե սա պետք է լիներ մեր վերջին զիջումը, ապա ո՞ւմ հետ էր նա բանակցում՝ Ալիևի՞։ Դրանով իսկ նա փաստեց, որ բանակցում էր Ալիևի հետ, որպեսզի Սահմանադրության փոփոխությունը լինի վերջին զիջումը։
Մինչդեռ այսօր, նայելով ձեր աչքերին, առանց վարանելու ստեց ձեզ, և այդ սուտն արդեն իսկ բացահայտվեց։ Մի կողմից ասում է՝ գնամ, տեսնեմ, որ սա վերջին զիջումն է, մյուս կողմից՝ հայտարարում, թե դա նրանց պահանջը չէ։ Իսկ եթե նրանց պահանջը չէ, ապա ի՞նչն է այդ վերջին զիջումը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։