Գերմանիան կաջակցի՞ Հայաստանի դեմ Ալիևի պատերազմին
25 Նոյեմբերի 2026, 19:00
(Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը վտանգի ազդանշան է Երևանի համար)
«Եվրամիության առաջատար երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը գերմանական «Tagesschau» հեռուստաալիքին տված հարցազրույցում փաստացի հավասարության նշան է դրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության միջև։ Եթե մի կողմ թողնենք ինքնիշխան պետության ներքին գործերին ուղղակի միջամտության ակնհայտ փաստը, առանցքային խնդիրը կայանում է հենց գերմանացի նախարարի հնչեցրած բանաձևի մեջ։ Վադեֆուլը բառացիորեն կրկնել է այն խոսույթը, որը երկար ժամանակ առաջ է մղում պաշտոնական Բաքուն և որի հետ, ըստ ամենայնի, լիովին համաձայնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա խորհրդարանական թիմը։
Բեռլինի, Բաքվի և Երևանի դիրքորոշումների նման համաժամանակեցումը Հայաստանի համար ստեղծում է պայթյունավտանգ իրավիճակ։ Երկար ժամանակ հայ հասարակության մեջ ձևավորվել է այն պատրանքը, թե եվրոպական մայրաքաղաքները տարածաշրջանում անվտանգության և ժողովրդավարական արժեքների անվերապահ երաշխավորներ են։ Սակայն Վադեֆուլի հայտարարությունները ցույց են տալիս Արևմուտքի պրագմատիկ և կոշտ մոտեցումը։ Գերմանիայի համար առաջնահերթություն են նոր տրանսպորտային երթուղիները, հումքի, էներգակիրների և էլեկտրաէներգիայի մատակարարումները, ինչի մասին նախարարն ուղղակիորեն հայտարարել է նույն հարցազրույցում։ Այդ հաղորդակցության ուղիներին հասանելիություն ստանալու համար Բեռլինը պատրաստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները որպես խաղաղության տանող միակ ճիշտ ուղի, նույնիսկ եթե այդ պայմանները պահանջում են հարևան երկրի Մայր օրենքի վերանայում։
Այս իրավիճակում առաջանում է նաև չափազանց կարևոր, օրինաչափ և տագնապալի հարց՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Սահմանադրության փոփոխության գործընթացը ձգձգվի կամ տապալվի, իսկ Ադրբեջանը որոշի դիմել ուժային սցենարի։ Խաղաղությունը սահմանադրական բարեփոխումների հետ նույնացնելը դե-ֆակտո Բաքվի համար ձևավորում է միջազգային լեգիտիմ հիմք ապագա էսկալացիայի համար։ Եթե վաղը ադրբեջանական բանակը սկսի նոր ռազմական գործողություններ՝ դա բացատրելով նրանով, որ Երևանը հրաժարվում է փոխել իր Մայր օրենքը և դրանով իսկ արգելափակում է խաղաղության պայմանագիրը, Բեռլինի և եվրոպական այլ մայրաքաղաքների արձագանքը կարող է Հայաստանի համար ծայրահեղ անբարենպաստ լինել։
Ճգնաժամային իրավիճակին առանձնահատուկ սրություն է հաղորդում Հայաստանի գործող իշխանությունների դիրքորոշումը, որոնք ոչ միայն չեն հակազդում այս վտանգավոր խոսույթին, այլև ակտիվորեն ձայնակցում են դրան երկրի ներսում։ Օրինակ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության համաձայնագիրը չի կնքվի, եթե նոր Սահմանադրությունը հավանության չարժանանա հանրաքվեում, փաստացի կրկնօրինակում է Վադեֆուլի և Իլհամ Ալիևի թեզերը։ Հակոբյանը միայնակ չէ նման մոտեցման մեջ. նույն բանն են ասում նաև ՔՊ-ի մյուս անդամները։ Հակոբյանն այստեղ նշվում է միայն որպես թարմ օրինակներից մեկը, որն ապացուցում է մեր թեզի իրավացիությունը։
Այդպիսով պաշտոնական Երևանն իր իսկ ձեռքերով հնարավոր պատերազմի պատասխանատվությունը բարդում է սեփական քաղաքացիների ուսերին։ Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ծուղակի մեջ է գցել երկիրը՝ պետության գոյատևումը կապելով հակառակորդի վերջնագրի կատարման հետ։ Այս հարցի պատասխանը գնալով ավելի ակնհայտ և մտահոգիչ է դառնում։
Բաքուն հսկայական դիվանագիտական աշխատանք է կատարել միջազգային ասպարեզում իր պահանջների լեգիտիմացման ուղղությամբ, և Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը միայն «առաջին ծիծեռնակն է», որին կարող են հետևել նմանատիպ ազդակներ արևմտյան այլ մայրաքաղաքներից։ Այս պայմաններում ստեղծված ծուղակը չեզոքացնելու միակ միջոցը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուց լիովին հրաժարվելն է։
Երկրի ներքին օրենսդրությունը չի կարող և չպետք է դառնա արտաքին առևտրի առարկա կամ հրադադարի պայման։ Միևնույն ժամանակ, Հանրապետությունում գործող իշխանությանն այլընտրանք դառնալուն հավակնող ընդդիմությունը պարտավոր է հստակ և հրապարակայնորեն արձանագրել իր դիրքորոշումը։ Նախ պետք է ստանձնի Բաքվի հետ բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովելու հստակ պարտավորություն՝ միաժամանակ այդ երկխոսությունն իրականացնելով բացառապես միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, միջնորդների ներգրավմամբ և ՀՀ անվտանգության, տնտեսական ու ռազմական երաշխիքների լիարժեք վերականգնման պայմանով։ որոնք հնարավոր է ստանալ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության լիարժեք վերականգնման դեպքում։
Միայն այդպես կարելի է հակառակորդների ձեռքից խլել նոր ագրեսիան արդարացնելու գլխավոր փաստարկը և երկիրը վերադարձնել իրական դիվանագիտության դաշտ։
Մտածե՛ք այդ մասին…»։