Գերմանիայում ողբերգական մահվան զոհ է դարձել ազգությամբ հայ ընտանիքի 5 անդամ

25 Նոյեմբերի 2026, 19:30

Հասարակություն

Նոյեմբերի 23-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Քել քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում հայտնաբերվել է 5 դի։ Օֆենբուրգի ոստիկանության նախնական տվյալներով՝ զոհվածները ազգությամբ հայ են՝ նույն ընտանիքի անդամներ․ 46-ամյա հայրը, 74-ամյա տատը և 10-14 տարեկան երեք երեխաները։ Ընտանիքի ևս երկու երեխա, ինչպես նաև դեպքի պահին տանը չգտնված մայրը բժշկական օգնություն են ստացել։

Ահազանգը հնչել է երկուշաբթի առավոտյան, երբ երեխաները դպրոց չեն գնացել։ Ժամը 11:30-ի սահմաններում բնակարանի դուռը չբացվելու պատճառով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք, չկարողանալով ներս մտնել, օգնության են կանչել հրշեջ-փրկարարներին։

Բնակարան մուտք գործելու ընթացքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են մեկ ոստիկան և դեպքի ականատեսներից մեկը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Հրշեջներն ու ոստիկանները ստուգել են շենքի մյուս բնակարանները և հավաստիացրել, որ այնտեղ բնակվողների կյանքին վտանգ չի սպառնում։

Փրկարարական աշխատանքներից հետո գործի քննությունը ստանձնել է քրեական հետաքննության բաժինը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ստույգ պատճառները պարզելու համար։ Իրավապահները դեռևս մանրամասներ չեն հաղորդում դեպքի հանգամանքների և գազի արտահոսքի պատճառների մասին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը ժամանակավորապես փակել է ամբողջ շենքը։ Քաղաքային իշխանությունները ժամանակավոր կացարան են տրամադրել մյուս 10 բնակարանների բնակիչներին։ Նրանք նախ տեղավորվել են դպրոցի ճաշարանում, ապա գիշերել հյուրանոցներում կամ հարազատների ու ընկերների տներում։

Համաքաղաքացիների վկայությամբ՝ ընտանիքը սերտ կապեր ուներ համայնքի հետ և ակտիվորեն մասնակցում էր քաղաքի տոնական ու ժամանցային միջոցառումներին։ Քաղաքապետարանը հատուկ հաշվեհամար է բացել՝ զոհվածների հարազատներին աջակցելու նպատակով։