Հունաստանը կաթվածահար է համազգային գործադուլի պատճառով

25 Նոյեմբերի 2026, 20:37

Քաղաքականություն

Նոյեմբերի 25-ին Հունաստանում անցկացվում է 24-ժամյա համազգային գործադուլ, որը կազմակերպել է պետական ծառայողների արհմիությունների ADEDY կոնֆեդերացիան։ Գործադուլին միացել են տրանսպորտի, կրթության, առողջապահության և մի շարք այլ առանցքային ոլորտների աշխատակիցներ։ Բողոքի երթեր են նախատեսված երկրի ավելի քան 60 քաղաքներում, այդ թվում՝ Աթենքում, Սալոնիկում, Պիրեայում, Պատրայում և Հերակլիոնում։

Գործադուլավորների հիմնական պահանջներն են պետական ծառայողների 13-րդ և 14-րդ աշխատավարձերի վերականգնումը, գնողունակության անկման հետևանքով կրած կորուստների փոխհատուցումը և պետական հաստատությունների ֆինանսավորման ավելացումը։

Արհմիությունները նաև պահանջում են տարեկան 12 հազար եվրոյի հասցնել հարկերից ազատված եկամտի շեմը, վերացնել սննդամթերքի ավելացված արժեքի հարկը և սահմանել բնակարանների վարձակալության գների առավելագույն շեմ։

Գործադուլը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի տրանսպորտային համակարգում։ Նավաստիների մասնակցության պատճառով դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը հունական կղզիների հետ։ Խափանումներ են արձանագրվել նաև Ադրիատիկ ծովով իրականացվող միջազգային փոխադրումներում, մասնավորապես՝ Հունաստանի և Իտալիայի միջև լաստանավային հաղորդակցության ոլորտում։

«Aegean» և «Sky Express» ավիաընկերությունները չեղարկել են մի շարք ներքին չվերթներ։ Կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարեցվել է 15 տարածաշրջանային օդանավակայաններում, այդ թվում՝ Նաքսոս, Պարոս, Միլոս և Կարպատոս կղզիներում։

Աթենքում մետրոն և տրամվայները գործում են սահմանափակ գրաֆիկով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, մինչդեռ ավտոբուսներն ու տրոլեյբուսներն աշխատում են սովորական ռեժիմով։