Մելքոնյան ամուսինները 2,5 մլն դոլար կնվիրաբերեն Կալիֆոռնիայում «Homenetmen»-ի նոր մարզահամալիրի կառուցման համար
26 Նոյեմբերի 2026, 12:30
Հայ բարերարներ Վարանդ և Հուրի Մելքոնյանները 2,5 միլիոն դոլար են հատկացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կանոգա Պարկ թաղամասում գտնվող «Հոմենեթմեն Մասիս» («Homenetmen Massis») մասնաճյուղի նոր՝ «Melkonian Sports Complex» մարզահամալիրի կառուցման համար։
Նրանց աջակցության շնորհիվ ապագա կենտրոնի տարածքը կավելանա գրեթե երեք անգամ։ Նոր համալիրում կլինեն ժամանակակից մարզահրապարակներ, ինչպես նաև հատուկ տարածքներ սկաուտական ծրագրերի, կրթական պարապմունքների և համայնքային միջոցառումների համար:
«Homenetmen Massis»-ը համահայկական մարզական և սկաուտական կազմակերպության ամենամեծ մասնաճյուղն է։
Կազմակերպության գործունեությունն ուղղված է երիտասարդներին աջակցելուն ու դաստիարակելուն։ Այստեղ ոչ միայն գործում են մարզական խմբակներ, այլև ակտիվորեն զարգանում է սկաուտական շարժումը, որն օգնում է ձևավորել առաջնորդական որակներ և պահպանել ազգային ինքնությունը: