Ստեփանակերտում կայացել է ռուսական դրամատիկական թատրոնի մանկական ստուդիայի «Վիշապը» բեմադրության առաջնախաղը
14 Մայիսի 2023, 11:40
Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր՝ մայիսի 13-ին, ռուսական դրամատիկական թատրոնի մանկական ստուդիան ներկայացրել է Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսի բեմադրությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան նշել է, որ պիեսը բավականին բարդ է, սակայն որոշել են մանկական մատուցմամբ մեծերին ներկայացնել այն:
«Եկել է ժամանակը, որպեսզի կարևորի մասին այլևս խոսեն փոքրերը»,-համոզմունք է հայտնել Ժ.Կրիկորովան:
Պիեսի գլխավոր հերոսուհու հոր դերակատարՍլավա Օհանյանի խոսքով՝ ներկայացումը բավականին խորիմաստ է:
«Այն մի քաղաքի մասին է, որը գտնվում է չար վիշապի տիրապետության տակ։ Բնակիչները ենթարկվում են նրա նույնիսկ ամենադաժան հրամաններին, մինչև եկավ մի մարդ ու փրկեց քաղաքը»,-պատմել է նա:
Դերակատարներից Մարիամ Հարությունյանի կարծիքով էլ ստեղծագործության ուղերձն այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ սպանի չար վիշապին, որից հետո աշխարհն ավելի լավը կդառնա: