Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախցի երիտասարդներին

09 Սեպտեմբերի 2023, 00:45

Հայեր

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։

Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող նախաձեռնությունները, որոնց նպատակն է հայ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար աղետին և անվտանգային խնդիրներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով երիտասարդ արցախցիներին, իր գնահատանքն է բերել նրանց՝ Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ներդրվող ջանքերի ու քաջարի ոգու դրսևորման համար։

Նորին Սրբությունը, մտահոգությամբ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հորդորել է երիտասարդներին անկոտրում կամքով շարունակել իրենց պայքարը հանուն արցախահայության ազատ, անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի։

Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ և միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանել է արցախցի երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տարվող աշխատանքներին։