Հայաստանը՝ ռուսական տեղեկատվական օրակարգի կարևոր մաս
13 Սեպտեմբերի 2023, 22:15
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Վերջին մի քանի շաբաթները չի կարելի անվանել հայ-ռուսական հարաբերությունների ամենաբեղմնավոր շրջանը։ Փոխադարձ մեղադրանքները հաճախ վերաճում են «դիվանագիտական փոխհրաձգությունների», սակայն, ի թիվս այլ բաների, այս փաստը ցույց է տալիս, որ Հայաստանը կրկին դարձել է Ռուսաստանում տեղեկատվական օրակարգի կարևոր մաս։
Եթե նախկինում ռուսական իշխանությունների և ռուսական լրատվամիջոցների էպիզոդիկ ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ կառուցել իր քաղաքականությունը «տեղեկատվական լռության մեջ», ապա այժմ իրավիճակն ակնհայտորեն փոխվել է, ինչը դրսևորվում է գրեթե ամենօրյա ռեժիմով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կրկին մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամը։ Զախարովայի հայտարարությունները լավ առիթ են՝ խոսելու Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի էության մասին։
Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ պետք է նշել, որ միջանցքի արգելափակումը ուղղակի հետևանք է այն բանի, որ 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում խմբագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։
Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բաց էր պահնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ Վաշինգտոնի և Պրահայի գործընթացները տեղի ունեցան Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման տրամաբանությամբ։ Եթե պաշտոնական Երևանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, և համաձայն է, որ այլևս չի մասնակցում Արցախի ապագայի շուրջ բանակցություններին և այս գործընթացը թողնում է «միջազգային երաշխավորների կամքին, որոնք պետք է որոշակի երաշխիքներ տան հայերի իրավունքների պաշտպանության համար», ապա սա, ինքնաբերաբար, նշանակում է, որ Արցախի հանքերը Ադրբեջանի սեփականությունն են, և ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, իսկ Լաչինի միջանցքը նույնպես լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նախկինում բանակցությունների ողջ ընթացքում Արցախի վերջնական կարգավիճակը պետք է նույնական լիներ Լաչինի միջանցքի կարգավիճակին (եթե Արցախը պիտի լիներ անկախ պետություն, ապա Արցախն ու Հայաստանը կապող կյանքի միջանցքը պիտի լիներվ ԼՂՀ-ի մաս, եթե Արցախը միանար Հայաստանին, կյանքի ճանապարհը նույնպես պետք է լիներ Հայաստանի մաս): Օգտվելով Վաշինգտոնի և Պրահայի գործընթացներից՝ պաշտոնական Բաքուն փակեց միջանցքը՝ դրանով իսկ իրագործելով ԼՂՀ տարածքից հայերի արտաքսման սցենարներից մեկը։
Քանի որ խնդիրը զուտ քաղաքական է, ուրեմն լուծումը պետք է նույնպես լինի քաղաքական (ոչ թե տեխնիկական՝ օդային միջանցք բացել եւ այլն) և դրսևորվի նրանում, որ պաշտոնական Երևանը կրկին պետք է հայտարարի, որ ինքը երաշխավորն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ինչը կզրոյացնի Պրահայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները, ինչպես նաև հնարավորություն կտա մեր դաշնակիցներին՝ բնական և ռազմավարական, պաշտպանելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը, վերադառնալ խնդրի լուծման տարբերակին, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը կմնա բանակցությունների հաջորդ փուլերին։
Միևնույն ժամանակ, կարևոր է ասել, որ այն դիրքորոշումը, ըստ որի, պաշտոնական Երևանը կրկին պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումից, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացից (ընդ որում՝ բոլոր կոմունիկացիաների, և ոչ միայն նրանց, որոնք պետք է անցնեն Հայաստանի կամ Արցախի տարածքով)։ Կայուն և խաղաղ Հարավային Կովկասը՝ ակտիվորեն աշխատող տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցություններով, հենց Հայաստանի ռազմավարական շահերի արտահայտումն է։ Բայց դա հնարավոր չէ անել Ղարաբաղի 120.000 հայերի էթնիկ զտումների, նրանց ինքնորոշման հիմնարար իրավունքի ժխտման գնով:
Քաղաքական խնդիրները պետք է ստանան քաղաքական լուծումներ: