Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը
19 Սեպտեմբերի 2023, 21:43
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունն է հայտնել ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը նկատել է միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։
Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։
ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ է տվել նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։