Անընդունելի է Շառլ Միշելի ձեւակերպումը տարածքների թվերի հետ կապված. Աննա Կոստանյան

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի՝ 86, 600 կմ² տարածքը, Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի՝ 29, 800 կմ² տարածքը: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանձնառել են սահմանները գծել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով:

Ստացվում է՝ Հայաստանի ղեկավարն այս հայտարարությամբ ճանաչել է Արցախը եւ օրինակ՝ Արարատի մարզի Տիգրանաշեն, Տավուշի մարզի Բարխուդարլու եւ Սոֆուլու անկլավները Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն, սակայն, Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

«Գերագույն խորհրդի որոշումից առաջ պետք է հիշել նաեւ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Արցախի ժողովրդի հանրաքվեն, որով Արցախն ու ժողովուրդը ինքնորոշվել են: Այդ ո՞ր լիազորություններով է Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք վերապահում նման բանակցություններ վարելու:

Անընդունելի է նաեւ Շառլ Միշելի ձեւակերպումները՝ տարածքների թվերի հետ կապված, որովհետեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովների կողմից վերջնական հայտարարություններ չեն արվել, թե որ քարտեզների հիման վրա են են սահմանները ֆիքսվելու, այդ դեպքում ինչպե՞ս է Միշելը հնչեցնում այդ թվերը»,- Alpha news-ի հետ զրույցում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

Բարխուդարլու եւ Սոֆուլու անկլավների տարածքով է անցնում Մ4 միջպետական ճանապարհը: Եթե այդ տարածքներն անցնեն Ադրբեջանին, ապա այդ միջպետական ճանապարհի մի հատված լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի դեպքում է:

Տիգրանաշեն գյուղի տարածքով է անցնում Մ2 միջպետական ճանապարհը, որը Հայաստանը Իրանին կապող մայրուղին է:

Ենթադրվում է, որ այս անկլավների փոխանակման արդյունքւոմ Հայաստանին կվերադարձվի Արծվաշենը, որը, սակայն, ռազամավարական որեւէ նշանակություն չունի: Արդյոք համարժեք է անկլավների փոխանակումը:

«Իհարկե համարժեք չէ: Հնարավոր չէ պատկերացնել փոխանակում, առավել եւս Ադրբեջանի նման պետության հետ, որի՝ Հայաստանի վերաբերյալ պլանները շատ լավ գիտենք»,- ասում է Աննա Կոստանյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն նախ Քիշնեւում հնգակողմ, ապա Բրյուսելում՝ եռակողմ ֆորմատով: