Ավագանու արտահերթ ընտրությունը կխառնի բոլոր խաղաքարտերը. քաղտեխնոլոգ

28 Սեպտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո ստեղծված վիճակով պայմանավորված՝ երկրում այնպիսի մթնոլորտ է, որ եթե Երևանի ավագանու նոր ընտրություն լինի, ապա ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արդյունք կլինի: Հնարավոր է՝ եղած ամբողջ պատկերը փոխվի: Alpha News-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հոկտեմբերի 10-ին սպասվում է Երևանի նոր ձևավորված ավագանու առաջին նիստը, որտեղ էլ կվճռվի մայրաքաղաքի իշխանության ղեկի ճակատագիրը: Քաղաքական 3 ուժերի՝ «Մայր Հայաստանի»՝ (12 մանդատ), «Հանրային ձայնի»՝ (7 մանդատ), «Ազգային առաջընթացի»՝ (14 մանդատ) միավորվելու դեպքում ընդդիմությանը կհաջողվի Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը Երևանի քաղաքապետի աթոռից գահընկեց անել, սակայն այս հարցում նրանք դեռևս ընդհանուր հայտարարի չեն գալիս:

Ընդդիմադիրներից ամենաշատ ձայներ հավաքած Հայկ Մարությանն առաջարկել է առաջիկա ավագանու նիստում սատարել իրեն՝ որպես քաղաքապետի թեկնածու, սակայն, առանց որևէ գրավոր համաձայնության, մինչդեռ «Հանրային ձայնի» ղեկավար Վարդան Ղուկասյանը պնդել է, որ իրեն գրավոր երաշխիքներ են հարկավոր, որպեսզի քաղաքապետարանի վերահսկիչ ծառայությունն իր խմբակցության իրավասության ներո լինի: Մարությանը դեմ չէ, սակայն նշել է, որ օրենքի համաձայն՝ այդ հաստիքը ոչ թե նշանակովի է, այլ ընտրովի:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի պնդմամբ՝ հարցի լուծման համար կա այլընտրանք՝ հնարավոր է՝ վերահսկման գործառույթն իրականացնողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Օրենքը թույլ է տալիս տարբեր հանգամանքներից ելնելով՝ ընդհուպ մինչև մեկ տարի ժամկետով ժամանակավոր պաշտոնակատար նշանակել այդ հաստիքին: Ըստ նրա՝ մայրաքաղաքի ղեկավարման պրակտիկայում նման դեպքեր եղել են: Քաղտեխնոլոգի վերլուծությամբ՝ այժմ գնդակը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի դաշտում է՝ համաձայնե՞լ ու Ժ/Պ նշանակել «Հանրային ձայնի» ներկայացուցչին, թե՞ գնալ արտահերթ ընտրության:

«Նախկին քաղաքապետի պատասխանը «Հանրային ձայնին» խուսանավելու փորձ էր՝ իբր համաձայնում է ընդդիմության հետ, քանի որ եթե գնան նոր ընտրության՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ արդյունք կլինի: Իշխող ուժը կարող է է՛լ ավելի քիչ ձայն հավաքել: Մեկ այլ հանգամանք. եթե նոր ընտրություն լինի, ապա դրա մեղքը բարդվելու է Մարությանի վրա, քանի որ, այդպիսով, նա հանդես կգա որպես իշխող քաղաքական ուժի անուղղակի դաշնակից: Հավանական է՝ ավելանան «Մայր Հայաստանի» և «Հանրային ձայնի» քվեները»,- նշել է քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ «Հանրային ձայնի» քվեները կարող է զգալի բարձրանան՝ ի նշան քաղաքական դաշտի հանդեպ եղած բողոքի: Հնարավոր է՝ ավելանան նաև «Հանրապետություն» կուսակցության ձայները՝ Երևանում տիրող հակառուսական տրամադրություններով պայմանավորված, քանի որ վերջիններս այդ գծի կրողն են:

«Չի բացառվում նաև, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարի անցողիկ շեմը, եթե փոխի իր լիդերին, ինչն էլ իր հերթին կփոխի, քաղաքային իշխանության ամբողջ կոնֆիգուրացիան»,- ընդգծել է Արմեն Բադալյանը:

Նա կարծիք է հայտնել նաև, որ հնարավոր է՝ իշխող ուժը հենց Մարությանի խմբակցությունից ձայնագողությամբ զբաղվի, ինչի հետևանքով քաղաքապետ դառնա «Քաղապայմանագրի» թեկնածուն, սակայն միևնույն է, Տիգրան Ավինյանը խոցելի կլինի՝ որպես քաղաքական գործիչ, քանի որ իր ջանքերի շնորհիվ չի լինի այդ արդյունքը:

Մանրամասները՝ տեսանյութում: