«1915-AGHET Արցունքների ճանապարհ». Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդես ու զուգահեռներ այսօրվա դեպքերի հետ

02 Հոկտեմբերի 2023, 19:51

Մշակույթ | Քաղաքականություն

Օրերս Բադեն-Վյուրթեմբերգ հողի խորհրդարանում բացվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը` «1915 – AGHET Way of Tears»։ Նահանգի խորհրդարանի նախագահ Մուհթերեմ Արասի հովանավորությամբ՝ նկարչուհի Լիզա Մ. Սթիբորը ներկայացրել է տպավորիչ գծանկարներ, որոնք ստեղծվել են իրական վայրերում և պատկերում են զոհերի դաժան ճակատագրերը:

Orer.eu-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացմանը, նահանգի խորհրդարանի նախագահ Մուհթերեմ Արասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությանը և բարձր է գնահատել Գերմանիայի միջնորդական դերը խաղաղ բնակչության անվտանգության ապահովման գործում։

Վիկտոր Ենգիբարյանն իր ողջույնի նամակում նշել է, որ Ադրբեջանը իր քայլերով հարձակվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, նաև ամբողջ միջազգային հանրության վրա.

«Ադրբեջանը, որը Եվրախորհրդի անդամ է, նախ ինը ամիս շրջափակման ենթարկեց և սովի մատնեց Լեռնային Ղարաբաղի հայերին, ապա սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում իրականացրեց։ Ավելի քան 100.000 քրիստոնյա հայեր, ունեզրկված և ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկված, ստիպված են լքել իրենց պատմական հայրենիքը և փրկություն փնտրել Հայաստանում և այլուր: Սա բացահայտ հարձակում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլեւ ողջ միջազգային հանրության վրա։

Այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է վերագնահատելու անցյալը։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ «անցյալը» սպառնում է դառնալ «ներկա» կամ նույնիսկ «ապագա»: Մենք չպետք է թույլ տանք, որ Եվրոպայի պատմության մեջ գրվի ևս մեկ արյունոտ էջ»,- ասվում է դեսպանի նամակում:

Ցուցահանդեսի ավարտին թավջութակահար Վաչե Բագրատունին նվագել է Կոմիտաս Վարդապետի «Կռունկ» ստեղծագործությունը։