Ասորական եկեղեցու պատրիարքն այցելել է Սրբազան Հորը

18 Մայիսի 2023, 10:10

Հայեր

alikonline-ի փոխանցմամբ՝ ասորական եկեղեցու պատրիարքը Սրբազան Հօր հետ հանդիպմանը նշեց, որ հայ եւ ասորի ժողովրդին ոչ միայն հազարամեակների պատմութիւնն է կապել միմեանց, այլեւ քսաներորդ դարասկզբի Ցեղասպանութեանը նահատակւած ասորի եւ հայ ժողովրդի արիւնն է, որ խօսում է որպէս՝ չլուծւած արդարութեան տենչ:

Երկուշաբթի, մայիսի 15-ին, պաշտօնական այցով Թեհրան ժամանած Ասորական արեւելեան եկեղեցու պատրիարք Մարաւա Ռուիլ երրորդը, Թեհրանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի այցելելով հանդիպել է Սրբազան Հօրը, ինչպէս նաեւ թեհրանահայ համայնքի պատասխանատուների հետ:

Պատրիարք Մարաւա Ռուիլ երրորդին դիմաւորել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Այցի ընթացքում պատրիարքին ուղեկցել են Իրանի, Հայաստանի ու Վրաստանի ասորական համայնքների առաջնորդ Մառներսայ Բենիամինը եւ Իսլ. խորհրդարանում Իրանի ասորիների եւ քաղդոնական համայնքների պատգամաւոր Շառլի Էնւիէն:

Հանդիպմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պարգամաւոր Արա Շահվերդեանը, Իրաքում ԻԻՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդատուն, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներ:

Պատրիարքը Սրբազան Հօր ուղեկցութեամբ այցելել է եկեղեցի, ուր համատեղ աղօթքից յետոյ պատւիրակութիւնը թեհրանահայ թեմի քահանաների ուղեկցութեամբ յարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին խոնարհւելով յուշարձանի առաջ:

Սրբազան Հայրը Թեհրանում կայանալիք Միջկրօնական երկխօսութեան համագումարին մասնակցելու համար Իրանում գտնւող պատրիարքի հետ հանդիպմանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց իրանահայ համայնքի, ինչպէս նաեւ համայնքային կեանքի ու եկեղեցական եւ մշակութային աշխատանքների մասին: Հանդիպմանը Սրբազան Հայրը կարեւորել է նաեւ հայ եւ ասորի ժողովուրդների հազարամեայ մշակոյթով պայմանաւորւած բարեկամութեան փաստը:

Արա Շահվերդեանը, Վահէ Թարոյեանը, եւ ասորական համայնքի առաջնորդը եւս առանձին ելոյթներով ողջունեցին խորացւող կապերն ու յարաբերութիւնները եւ Իրանի ժողովրդի հետ համերաշխ կեանքը որակեցին որպէս դաւանանքով տարբերւող ժողովուրդների համակեցութեան լաւագոյն օրինակը:

Արա Շահվերդեանն իր ելոյթում կարեւորեց յանուն Իրանի ամբողջականութեանն իրենց կեանքը նւիրաբերած երկու համայնքների նահատակների փաստը, եւ յիշեցրեց ընդամէնը մէկ շաբաթ առաջ 38 տարի առաջ նահատակւած ասորի երիտասարդի աճիւնը երկիր վերադարձւելու փաստի մասին:

Այցի աւարտին Սրբազան Հայրը եւ Պատրիարք Ռուիլ երրորդը յուշանւէրներ փոխանակեցին ի նշան համերաշխութեան եւ երկու բարեկամ համայնքների կապերի խորացմանը:

Հիմա եթերում