Բաքուն ու Երևանը պետք է խաղաղության պայմանագիր կնքեն՝ երաշխավորելով հայերի իրավունքները ԼՂ-ում. Եվրախորհրդարանի պատգամավոր
06 Հոկտեմբերի 2023, 15:35
«Եվրախորհրդարանը չպետք է լռի, երբ մենք տեսնում ենք միջազգային իրավունքի, մարդու իրավունքների խախտում, հումանիտար աղետ, մենք պետք է դա հրապարակենք, խոսենք դրա մասին, մենք պետք է ոչ միայն քննադատենք, այլ կոնկրետ լուծումներ առաջարկենք»,- Alpha News-ին տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
Նա հավելել է, որ լուծումները հնարավոր են, քանի որ ԵՄ-ն ունի լծակներ Եվրամիության և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«Այս լծակները պետք է օգտագործենք, այսօրվա իրավիճակում ռազմական գործողությունները չեն ավարտվել, հումանիտար իրավիճակը միայն խորանում է, վտանգ կա Հայաստանի ինքնիշխանության համար։ Իրավիճակը չի վերադարձել բնականոն հունի և առկա է էսկալացիայի վտանգ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ են անհապաղ գործողություններ:
Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդին և Եվրահանձնաժողովին, ապա կարող եմ ասել, որ ավելի կոշտ հայտարարություններ կսպասեի Հանձնաժողովից՝ հաշվի առնելով, որ մեկ տարի առաջ Ալիևի կողքին կանգնած Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանին անվանեց «ԵՄ-ի վստահելի գործընկեր»: Այսօրվա իրավիճակում ես կակնկալեի, որ ԵՄ հանձնակատարն ավելի շիտակ, ավելի ուժեղ և ավելի մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, քան մինչ այժմ արել է Հանձնաժողովը:
Բայց ես տեսնում եմ նաև խորհրդարանի դերը այս հարցը օրակարգում պահելու, Հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու, Խորհրդի վրա ճնշում գործադրելու հարցում: Եթե զուգահեռներ անցկացնենք Ուկրաինայի հետ, ապա խորհրդարանն առաջինն ասաց, որ պետք է դադարեցնել Ռուսաստանից բոլոր էներգառեսուրսների ներկրումը։ Ժամանակ պահանջվեց, բայց, ի վերջո, Հանձնաժողովն ու Խորհուրդը լսեցին: Շատ հարցերում Եվրախորհրդարանը առաջամարտիկ է, և ես դրա դերը տեսնում եմ այլ դերակատարների վրա ճնշում գործադրելու հարցում»,- ասել է եվրապաշտոնյան։
Խոսելով Լեռնային Ղարաբաղից փախստականներին տրամադրվող օգնության չափի մասին, որը, ըստ տեղեկությունների, կազմում է 5 մլն եվրո, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա բավարար չէ, և այդ գումարը պետք է էապես ավելացնել։
«Բանաձևում մենք խնդրում ենք էապես ավելացնել տրամադրվող օգնության չափը, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանն այսօր կանգնած է հսկայական հումանիտար աղետի առաջ։ Բնակարանային, սննդի, կրթության, փախստականների զբաղվածության հարցերը լուծելը հեշտ գործ չեն»,- նշել է Կալյուրանդը։
Խոսելով հայերի` իրենց հողում ապրելու իրավունքի մասին, նա նշել է.
«Ինչ վերաբերում է այն հայերին, որոնք ցանկանում են ապրել Լեռնային Ղարաբաղում, ապա մեր բանաձեւում մենք Ադրբեջանին կոչ ենք անում նման երաշխիքներ տալ, բայց ես՝ անձամբ, կարծում եմ, որ լավագույն երաշխիքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է, որը պետք է ներառի այն հայերի իրավունքների պաշտպանությունը, որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ և ապրել այնտեղ։ Շատ ցավալի է, որ կողմերի հանդիպումը չկայացավ Գրանադայում, և հուսով եմ, որ ԵՄ ձևաչափով բանակցությունները կշարունակվեն Շառլ Միշելի հովանու ներքո։ Ճգնաժամը և ժողովրդի տառապանքը, կարծում եմ, պետք է ստիպի առաջնորդներին սեղանի շուրջ նստել և քաղաքական կամք լինի համաձայնագիր կնքելու համար»,- եզրափակել է Մարինա Կալյուրանդը: