«Ակտոբեն» անցկացրել է Մարկոս Պիզելիի հրաժեշտի խաղը

17 Հոկտեմբերի 2023, 10:55

Սպորտ

Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի համար ղազախական «Ակտոբեն» հոկտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է անցկացրել: Այս մասին հաղորդում է Диапазон-ը:

Մարկոս Պիզելիի և մրցակցի թիմերում խաղացել են ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում ելույթ են ունեցել «Ակտոբեում»: Պիզելիի թիմը հաղթել է 8-2 հաշվով, Մարկոսն աչքի է ընկել դարպասի գրավմամբ:

Խաղից հետո Մարկոս Պիզելիին նվիրել են ղազախական ազգային հագուստ: «Ամենահայ բրազիլացին» հանդիպումից հետո երկար ժամանակ մնացել է խաղադաշտում, լուսանկարվել երկրպագուների հետ: Մարկոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու վստահեցրել «Ակտոբեի» երկրպագուներին, որ հեռավոր Բրազիլիայում թիմը հավատարիմ երկրպագու ունի:

Նախօրեին նույնպես Մարկոս Պիզելին հանդիպել է երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել: Նրան դիմավորել են ավելի քան հազար երկրպագուներ, հիմնականում՝ դպրոցականներ: Մարկոսին տեսնելուն պես հավաքվածները ոգևորվել են այնքան, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ստիպված է եղել հանգստացնել նրանց՝ վստահեցնելով, որ ոչ մի տեղ չի գնալու: 

Կազմակերպիչները երկրպագուների համար պատրաստել են Մարկոս Պիզելիի լուսանկարով 500 պաստառ, որոնց վրա ֆուտբոլիստը ստորագրել է: Պաստառները գտել են իրենց տերերին ընդամենը րոպեների ընթացքում: 

««Ակտոբեի» երկրպագուները շատ են սիրում Մարկոս Պիզելիին, քանի որ նա չհեռացավ ակումբի համար դժվար ժամանակահատվածում: Դրանից բացի, նա համեստ էր ու ընկերասեր, իսկ խաղերի ժամանակ անմոռանալի մթնոլորտ էր ստեղծում»,- ընդգծել է ղազախական աղբյուրը և հավելել, որ Մարկոսը ոչ միայն ֆուտբոլ էր լավ խաղում, այլև զարգացած է այլ ուղղություններով. տիրապետում է պորտուգալերենի, անգլերենի, հայերենի ու ռուսերենի: