ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կարծես հայտ լինի լուրջ հակամարտության համար, որից կտուժի Հայաստանը. Դմիտրի Տրենին
02 Նոյեմբերի 2023, 18:40
ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կարծես շատ լուրջ հակամարտության հայտ լինի, որում տուժող կողմ առաջին հերթին կհայտնվի Հայաստանը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Տրենինը՝ նշելով, որ բոլորը տեսնում են հայտերի հետևանքները: Օրինակ, Վրաստանի համար դա եղել է 2008 թվականին, այժմ նման իրադարձություններ կարելի է տեսնել Ուկրաինայում։
«Նման հայտարարություններ անողներին պետք է ուղիղ ասել, որ իրենք պատրաստվում են հայերին ավելի մեծ ողբերգության մեջ գցել՝ հայկական պետականության համար անհասկանալի հեռանկարներով։ Այն պնդումները, թե Ռուսաստանը, իբր Ուկրաինայում հակամարտության պատճառով, ինչ-որ կուլիսային պայմանավորվածությունների է գնացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցում, կոչված են կա՛մ մարել, կա՛մ ինչ-որ կերպ քողարկել հայկական քաղաքականության այդ շրջադարձը, որը կատարել է ներկայիս ղեկավարությունը՝ ըստ էության հրաժարվելով Ղարաբաղից հանուն Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու, և այս իրավիճակում մեղքը բարդել Ռուսաստանի վրա», — նշել է նա։
Տրենինի խոսքով՝ շատ են այն մարդիկ, ովքեր կարող են հավատալ դրան։ «Երևի կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր կհավատան դրան։ Սա բնական, գուցե նաև տրամաբանական քայլ է Հայաստանի ղեկավարության համար, որը ցանկանում է հայ քաղաքացիների ցասումն ու ցավը Երևանի ղեկավարությունից ուղղել Մոսկվայի ղեկավարությանը: Դա միանգամայն տրամաբանական է։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի նշանակությունը Մոսկվայի համար, որպեսզի նրա շահերն ու անվտանգության հարցը նույնպես կարևոր լինեն Ռուսաստանի համար։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը և, մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատրաստակամությունը Ռուսաստանին փոխարինելու և Հայաստանի անվտանգության երաշխավորը դառնալու հարցում, Դմիտրի Տրենինն ընդգծել է, որ այդ հարցը պետք է ուղղել ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներին, նրանք ավելի լավ կպատասխանեն դրան:
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտին, ապա մենք բոլորս տեսնում ենք նման հայտերի հետևանքները։ Վրաստանի համար դա 2008 թվականին էր։ Մենք տեսնում ենք Ուկրաինայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի այսօրվա հետևանքները։ Ես չեմ ուզում, որ դա սպառնալից տեսք ունենա, ընդհանուր առմամբ, դա շատ լուրջ հակամարտության հայտ է թվում, որում տուժող կողմը հանդես կգա, առաջին հերթին՝ Հայաստանը։ Եթե այդ մարդկանց, ովքեր նման հայտարարություններ են անում, Ղարաբաղի ողբերգությունը բավարար չէ, ապա նրանք պետք է ուղիղ ասեն հայ ժողովրդին, որ իրենք պատրաստվում են նրանց ավելի մեծ ողբերգության մեջ գցել՝ հայկական պետականության համար անհասկանալի հեռանկարներով։
Ես չեմ ուզում խորհուրդներ տալ Հայաստանի ղեկավարությանը, ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ, իմ կարծիքով, Հայաստանի ղեկավարության ներկայիս ռազմավարությունն այն է, որ հրաժարվելով և հեռանալով Ռուսաստանից՝ նրանք ցանկանում էին ազատել իրենց ձեռքերը Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելու համար։ Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հասկանում եմ, հույս ունի, որ այդ հարաբերություններն առնվազն էական դիվիդենտներ կբերեն այդ ղեկավարությանը», — եզրափակել է նա։