Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում․ ԱՖՖ փոխնախագահ

05 Նոյեմբերի 2023, 16:25

Սպորտ

Բռնի տեղահանումից հետո Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է գործունեությունը Երևանում, բայց հավաքականի հետ կապված ծրագրեր դեռ չկան: Երևանում գործունեությունն է շարունակում «Լեռնային Արցախ» ակումբը: Թիմն ամբողջությամբ պահպանված է և այժմ խաղում է Առաջին խմբում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:

-Պարոն Ավանեսյան, բռնի տեղահանումից հետո ի՞նչ կարգավիճակ ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան, գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ:

-Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան գործունեությունը շարունակում է Հայաստանում և համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ֆուտբոլի Արցախի հավաքականի հետ կապված դեռևս ծրագրեր չունենք, բայց ֆեդերացիան աշխատանքը կատարում է: Հայաստանի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Որևէ խնդիր չունենք, մեծ աջակցություն ենք ստանում ՀՖՖ-ից:

-«Լեռնային Արցախ» ակումբը շարունակո՞ւմ է բնականոն գործունեությունը:

-«Լեռնային Արցախ» ակումբը շարունակում է գործունեությունը: Թիմը պահպանվել է, տեղափոխվել է Երևան: Այժմ մասնակցում ենք Հայաստանի Առաջին լիգային: Հերթական խաղը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, որտեղ կմրցենք «Արարատ 2» թիմի հետ: Ակումբի գործունեությունը նորմալ շարունակվում է: Մարզումներն անցկացնում ենք Ձորաղբյուրում՝ «Արարատի» մարզական համալիրում: Խաղերը նույնպես այնտեղ ենք անցկացնում: Թիմն ամբողջությամբ պահպանված է, բոլորը տեղափոխվել և ֆուտբոլային կարիերան շարունակում են Հայաստանում: Մեզ հետ են նաև լեգեոներները:

Հիմա եթերում