Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են պատմական ամենացածր կետում. Վլադիմիր Կիրեև

15 Նոյեմբերի 2023, 19:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես են այսօր զարգանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները:

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և ինտեգրացիոն նախագծերը, որոնք գոյություն ունեն նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, զարգանում են բացասական սցենարով։ Եթե դեռ մի քանի տարի առաջ հարաբերություններն իսկապես արդյունավետ էին, ջերմ, բերում էին համագործակցության իրական արդյունքների և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ անվտանգության ոլորտներում, ապա այս պահին դրանք գտնվում են հետխորհրդային հարաբերությունների ողջ պատմության ստորին կետում և մոտ են Հայաստանի ղեկավարության խզմանը։

Այս իրավիճակը Ռուսաստանի ղեկավարության կողմից ընկալվում է որպես բացասական, տխուր իրավիճակ, բայց ՌԴ-ի ղեկավարությունը վրեժ լուծելու ոչ մի ցանկություն չունի։ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ հավասարակշռված է, այս հարցում կարող է չափազանց զգույշ լինել, բայց միևնույն ժամանակ կառուցված է իր գործընկերներին հասկանալու, իրավիճակը հասկանալու ցանկության վրա, որում նրանք գտնվում են: Հաճախ հասկանալու և իրավիճակի մեջ մտնելու այդ ձգտումը հանգեցնում է նրան, որ մեր գործընկերներն անտեսում են Ռուսաստանի շահերը, մեզ դնում անիմաստ դրության մեջ, մեր դաշինքներում մասնակցության հաշվին լոյալություն են վաճառում այլ երկրների։ Դա չի վերաբերում Հայաստանին տվյալ դեպքում, բայց Մոսկվայում հասկանում են, որ Հայաստանը գործնականում ի ցույց է դնում մեր ինտեգրացիոն նախագծերի կազմից դուրս գալու իր ձգտումը, հասկանում են, թե ինչու է դա տեղի ունենում և հասկանում են, որ դրանից լավ չի լինի ոչ ոքի, առաջին հերթին՝ հենց Հայաստանին։ Քանի որ նման ելքից հետո իրավիճակը Հայաստանի համար կսրվի, և ոչ մի խաղաղ լուծում չի ստացվի», — ասել է Կիրեևը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը հաստատակամորեն գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և, ինչպես իրենց է թվում, Արևմուտքի հետ լավ հարաբերություններ հաստատելու ճանապարհով:

«Արևմուտքը ոչ մի հարց չի լուծի։ Առաջին հերթին չի լուծի անվտանգության հարցերը։ Մենք տեսնում ենք, որ Արևմուտքը հրահրում է իրավիճակը Հարավային Կովկասում, հրահրում է հակամարտություն Ադրբեջանի հետ՝ ձգտելով տարածաշրջանում պատերազմի ևս մեկ կրակ բորբոքել։ Եվ հասկանալով դա՝ Ռուսաստանը ձգտում է վերականգնել և կարգավորել հարաբերությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հաստատակամորեն գնում է այդ խզման ճանապարհով և, ինչպես իրենց է թվում, Արևմուտքի հետ լավ հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ Մոսկվան այստեղ ոչինչ անել չի կարող, քամի որ Երևանի մտադրությունը շատ լուրջ է։ Բայց, ցավոք, Ռուսաստանում քաղաքագետների, փորձագետների մեծ մասը վստահ է, որ այդ ձգտումը Հայաստանի համար աղետալի արդյունքների կբերի», — նշել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կսկսեն գործել Հայաստանի դեմ, քանի որ նրանց ախորժակներն ակնհայտորեն չեն ավարտվում Լեռնային Ղարաբաղով:

«Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Իսկ մինչ այդ խոսքը Ռուսաստանի ռազմական կոնտինգենտի վերացման մասին է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, հետո արդեն Զանգեզուրի միջանցքում։ Եվ այսպես, իրավիճակը ոչ մի կերպ չի ավարտվել։ Այն գտնվում է զարգացման փուլում։ Իսկ տարածքային պահանջներ դեռ կառաջարկվեն։ Իսկ այն, որ հայկական ղեկավարությունն այդքան վստահ գնում է հարաբերությունները խզելու ճանապարհով, միայն սադրում է բոլոր կողմերին՝ իրենց ախորժակը բավարարելու համար։ Միացյալ Նահանգների կողմից խոսքը ևս մեկ հակամարտություն սանձազերծելու ցանկությունը բավարարելու մասին է, իսկ Ադրբեջանի կողմից խոսքը գնում է իր տարածքային պահանջների բավարարման մասին։ Բայց, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ այդպես էլ կավարտվի։ Բայց դա Ռուսաստանի կողմից վրեժխնդրության հարց չէ։ Դա պարզապես փաստի արձանագրում է, որ մենք այդպես ենք տեսնում հետագա իրավիճակի զարգացումը», — եզրափակել է Կիրեևը։

Հիմա եթերում