Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը
05 Դեկտեմբերի 2023, 14:50
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։
Տեր Վազգենը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղում ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանը և կարիքների գնահատման արդունքում մշակել աջակցության ծրագեր։
Իր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը, և հյուրերին ներկայացրել Մայր Աթոռի կողմից իրականացվող Արացախի հայորդիներին ուղղված աջակցության ծրագրերը՝ կարևորելով նաև սփյուռքահայության հետևողական մասնակցությունն այդ գործում։
Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, որոնք առնչվում էին արցախահայերի ծանր կացությանը և իրականացվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը։