Ադրբեջանի հետ ԵՄ հուշագիրը դատապարտված է. եվրապատգամավոր
19 Դեկտեմբերի 2023, 20:18
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ Եվրոպական Միությունում ծավալվող լռությունը խնդիր է։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Չեխիայից եվրապատգամավոր Մարկետա Գրեգորովան:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանում շատերը Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածը բնորոշում են որպես «Ցեղասպանություն» կամ «հարկադիր վտարում», բայց դա մնում է խոսքի վրա, ոչ մի պատժամիջոց չի սահմանվել:
«Ես հատկապես կողմնակից եմ Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի չեղարկմանը, քանի որ կարծում եմ, որ հենց դա է լռեցնում Եվրամիությանը եւ բթացնում է ԵՄ արձագանքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին», — նշել է նա:
Նրա կարծիքով՝ հուշագիրն ինչ-որ պահի կդադարի գործել։
«Ես կարծում եմ, որ ինչ-որ պահի այն կդադարի գործել, որովհետև ի սկզբանե նախատեսվում էր հետագայում խորացնել և երկարացնել համագործակցությունը, բայց հիմա այն չի խորացել և չի երկարաձգվել։ Ես դժգոհ եմ, որ հուշագիրն անմիջապես չի չեղարկվել, բայց այն արդեն ըստ պլանի չի գնացել։ Նախկինում Եվրահանձնաժողովն ու Ադրբեջանը պարտավորվել էին հրաշալի համագործակցություն ունենալ, հետո Ադրբեջանը սկսեց անել այն, ինչ անում է, և հանձնաժողովը կարծես ասաց, որ մենք պատրաստ չենք ավելիին, քան հիմա կա։ Դա լավ է իմ տեսանկյունից:
Ադրբեջանը հույս ուներ խորացնել հարաբերությունները, նրանց պետք է իրենց գազի և նավթի իրացման շուկա, որպեսզի ինչ-որ տեղ արտահանեն։ Նրանք էներգառեսուրսները ստանում են Ռուսաստանից, այնպես որ դրանք չեն արտահանելու Ռուսաստան, քանի որ դրանք ներմուծում են Ռուսաստանից, իսկ տարածաշրջանում էլ ում հետ ենք ուզում համագործակցել։ Այնպես որ, ապագայում փոխըմբռնման հուշագիրն աստիճանաբար կդադարի գործել եւ կմոռացվի», — նշել է եվրապատգամավորը։