Էլինա Դանիելյանն ու Շանթ Սարգսյանը Կրակովում կմասնակցեն բլից շախմատի Եվրոպայի առաջնությանը

25 Մայիսի 2023, 00:30

Սպորտ

Եվրոպական ամառային խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերից բացի, կլինեն, այսպես ասած, ուղեկցող միջոցառումներ: Դրանցից մեկը բլից շախմատի Եվրոպայի առաջնությունն է, որին կմասնակցեն ութ առաջատար շախմատային երկրների ներկայացուցիչներ, որոնք 1.03.2023թ. դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։

Այսպիսով, Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Հայաստանի և Նիդեռլանդների պատվիրակները կժամանեն Կրակով:

Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ և կին: Նրանք դասակարգման աղյուսակում պետք է ունենան համապատասխանաբար առնվազն 2650 և 2350 վարկանիշային միավոր:

Արդեն հրապարակվել են մասնակիցների անունները: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան – Էլինա Դանիելյան երկյակը:

Արագ շախմատի Եվրոպայի զույգերի առաջնությունը կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում ՝ հունիսի 19-ին: