Հովհաննես Չեքիջյան․ հայտնի դիրիժորը և կոմպոզիտորը

24 Դեկտեմբերի 2023, 00:55

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 95 տարեկան։

Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ, Թուրքիա):

1941-1947 թվականներին սովորել է Ստամբուլի ֆրանսիական «Սեն Միշել» քոլեջում։ 1951 թվականին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը, 1961 թվականին՝ ասպիրանտուրան։ 1951-1953 թվականներին եղել է Փարիզի Ecole normale de musique մասնավոր կոնսերվատորիայի ուսանող։

1944-1951 թվականներին Հովհաննես Չեքիջյանը եղել է Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկին կից երգչախմբի ղեկավարը, իսկ 1955-1961 թվականներին դարձել է իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի ղեկավարը։

1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը, 1960-1961 թվականներին՝ Ստամբուլի պետական Կապելլայի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

1961 թվականին Հովհաննես Չեքիջյանը տեղափոխվում է Երևան, որտեղ դառնում է Հայաստանի ազգային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 1982-1987 թվականներին համատեղության կարգով եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի հայկական ակադեմիական թատրոնի տնօրեն։

Գրել է «Գարնանային անուրջներ» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, «Հանդիսավոր ձոն» և «Ազատության ֆանֆար» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները, բազմաթիվ երգչախմբային մշակումների հեղինակ է։

Հովհաննես Չեքիջյանը 1975 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

1975 թվականից մինչև 1990 թվականը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ունի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներ:

2017թ. արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման: Հովհաննես Չեքիջյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշաններով: ՀԽՍՀ Պետական մրցանակի, գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է:

2001 թվականին դարձել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի: