«Թուրքերը դժվար փոխվեն, իրենք միշտ մնում են թշնամի». Alpha News-ի հարցումը

25 Դեկտեմբերի 2023, 16:40

Կարծիք

Alpha News-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքի փողոցներում՝ պարզելու՝ մեր համաքաղաքացիները ինչ են կարծում՝ կարո՞ղ ենք Թուրքիայի հետ բարեկամ լինել.

«Հնարավոր չեմ համարում, որովհետև այդ բարեկամությունը, համենայն դեպս, Հայաստանին կամ հայ ազգին ինչ-որ բան չի տա, էլ չեմ ասում, որ Թուրքիան մեր թշնամի Ադրբեջանի բարեկամ երկիր է»,- ասել է հարցվածներից մեկը:

Քաղաքացիներից մեկը կարծում է՝ երբ Թուրքիան ճանաչի իր կատարած Ցեղասպանությունը, այդժամ կարող ենք խոսել բարեկամության մասին.

«Այն կոնֆլիկտը, որ մեր մեջ կա, դա հնարավոր չէ ինչ-որ ձևի փակել կամ լուծել, խոսքը Հայոց Ցեղասպանության մասին է: Եթե Թուրքիան ընդունի իր մեղքը, պատասխանատվությունը կրի, դրանից հետո նոր հնարավորություն կա բարեկամանալու»,- նշել է մեր զրուցակիցը:

Մեր հարցման բոլոր մասնակիցները համոզված են, որ Թուրքիայի հետ բարեկամ լինել հնարավոր չէ:

«Այսքան վատ բաներ ենք իրենցից տեսել, ինչ բարեկամություն, կարող ենք հարևաններ լինել ու վերջ, բայց բարեկամ, հաստատ չէ», «Ոնց մոռանանք մեր անցյալը, շատ դժվար է, երբեք», «Պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր չէ Թուրքիայի հետ բարեկամ լինել», «Չեմ կարծում, որ Հայաստանը հիմա տնտեսապես այն վիճակում է գտնվում, որ կարողանա Թուրքիայի նման տնտեսություն ունեցող երկրի հետ բարեկամական կապեր ունենա ու բացի սահմանները, միևնույն ժամանակ, իր տնտեսությունը պահի անկախ», «Թուրքերը դժվար փոխվեն, իրենք միշտ մնում են թշնամի». այսպիսին էին Alpha News-ի հարցման պատասխանները: