Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարող է ամբողջությամբ իրականացվել մինչև 2028թ-ը, Հայաստանից էլ կան դրական ազդակներ․ թուրք պաշտոնյա
07 Հունվարի 2024, 15:00
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հույս է հայտնել, որ Զանգեզուրի միջանցքի իրականացման աշխատանքները կավարտվեն մինչև 2028 թվականը։ Այս մասին նա խոսել է Tvnet-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար կարևոր նախագիծ է, քանի որ այն երկրին ուղիղ ցամաքային հաղորդակցություն կապահովի թյուրքական աշխարհի երկրների հետ։ Ուրալօղլուն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանից նույնպես դրական ազդակներ են ստացվել այս նախագծին մասնակցելու վերաբերյալ։
«Երթուղու 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Նրանք, իրենց հերթին, պետք է ավարտին հասցնեն պլանավորման և մրցույթների հետ կապված գործընթացները»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը նույնպես շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի նախագծին մասնակցելու հարցում և հավելել, որ Թուրքիան շարունակում է Իրանի հետ բանակցություններն այդ մասով։
«Զանգեզուրի միջանցքը կարևոր է Թուրքիայի համար։Մենք կարող ենք օգնել Իրանին միանալ այս նախագծին»,- ասել է նա։
Ուրալօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել իր տարածքով անցնող երթուղու 224 կիլոմետրանոց հատվածում համապատասխան ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ։
«Աշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա հինգ տարում։ Այսպիսով, Զանգեզուրի միջանցքի նախագիծը կարող է ամբողջությամբ իրականացվել մինչև 2028 թվականը»,- եզրափակել է թուրք պաշտոնյան։