Հայրենական մեծ պատերազմի հերոս Արտավազդ Սաղոյանի 120-ամյակն է
16 Հունվարի 2024, 23:50
Հունվարի 16-ին խորհրդային ռազմական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Արտավազդ Սաղոյանի ծննդյան օրն է. լրացել է նրա ծննդյան 120-ամյակը:
Արտավազդ Արամիչը ծնվել է 1904թ. հունվարի 16-ին Ախալցխայում: 1922 թվականին սկսել է ծառայել ԽՍՀՄ ռազմածովային ուժերում։ 1924թ. ավարտել է Բաթումի ռազմածովային ուսումնարանը, 1927թ.՝ Մ. Ֆրունզեի անվան բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, 1931թ.՝ Կարմիր բանակի ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հատուկ դասերի հրետանային դասը:
1941-ին ավարտել է Կ. Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայի հրետանային ֆակուլտետը: Սաղոյանը ծառայել է որպես Բալթյան նավատորմի թեթև ուժերի ջոկատի դրոշակակիր հրետանավոր:
Լենինգրադի շրջափակման ժամանակ նա եղել է Բալթյան նավատորմի էսկադրայի շտաբի մարտական և օպերատիվ աշխատանքների հրամանատարը, մասնակցել է Բալթիկայում տեղի ունեցած մարտերին: Լենինգրադի շրջափակման վերջնական վերացման ժամանակ նա ղեկավարում էր նավերի 2-րդ խմբի հրետանին՝ հաջողությամբ մշակելով գործողության պլանը և ղեկավարելով հրետանային հարձակումը։
Պատերազմի ավարտից հետո շարունակել է ծառայությունը ԽՍՀՄ ռազմածովային նավատորմում։ 1947-1951 թթ. եղել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր հրետանավոր, 1951-1953 թթ. զբաղեցրել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի թիվ 2 ինստիտուտի պետի տեղակալի պաշտոնը:
Արտավազդ Արամովիչը մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 17-ին: Նա թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը: