Միրզոյանը, Փաշինյանը և Սիմոնյանը հակառակ բաներ են ասում՝ նրանցից ո՞վ է ճիշտ
17 Հունվարի 2024, 14:35
(Փաշինյանի արտաքին քաղաքական փակուղին գնալով ավելի ակնհայտ է դառնում)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վարած արտաքին քաղաքականության փակուղին գնալով ավելի ակնհայտ է դառնում, ինչը սկսում է դրսևորվել ոչ միայն Հայաստանի մարզերում «բեմադրվող» քաղաքական վակուումը լցնելու իշխանությունների փորձերով, այլև այն փաստով, որ իշխանության ներկայացուցիչներն իրար հակառակ գնահատականներ են տալիս Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Այսպես, հունվարի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանը որոշակի հետընթաց է տեսնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկի մեջ։
Հունվարի 13-ին, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հարցազրույցը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքվից եկած վերջին հայտարարությունները համարում է լուրջ հարված խաղաղության գործընթացին։
Իսկ արդեն հունվարի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում հետընթաց չի տեսնում։
«Անզեն աչքով» պարզ է, որ Հայաստանի երեք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն իրարամերժ են։ Ավելին, իր իսկ ելույթում նույն Փաշինյանը նշեց, որ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունները կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի ներքաղաքական օրակարգով, իսկ ավելի կոնկրետ՝ սպասվող նախագահական ընտրություններով։
Սակայն, ըստ ամենայնի, նույնիսկ «ՔՊ»-ում հասկացան, որ այս վարկածն այնքան չի համապատասխանում իրականությանը, որ հրապարակային խոսույթի մեջ «գցեցին» ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունների այլ վարկածներ, և դա արեց Ալեն Սիմոնյանը, ով, ինչպես հայտարարեց, որ հետընթաց չի տեսնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններում։
Սիմոնյանը ևս մի քանի վտանգավոր գաղափարներ «նետեց» հանրային դիսկուրս. ի թիվս այլնի, նա, փորձելով հանդես գալ որպես Ալիևի փաստաբան, փաստացի հայտարարեց, որ Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքները միայն «հայելային պատասխան են» վերջին տասնամյակներում հենց Հայաստանից հնչած թեզերին։ «30 տարի մենք ասում ենք՝ Ղարաբաղը, Նախիջևանը Հայաստան են, Ալիևը հակակշիռ է ստեղծում այս նարատիվներին»,- նշել է Սիմոնյանը։
Նախ նշում ենք, որ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ նույնացրել է Արցախը հայկական լինելու իրական թեզը ադրբեջանցիների՝ Երևանն ադրբեջանական լինելու կեղծ թեզի հետ։
Երկրորդ՝ անկախ Հայաստանի ոչ մի կառավարություն չի հայտարարել, որ Նախիջևանը Հայաստան է։ Ավելին, անդրադառնալով Արցախի թեմային, Հայաստանի ղեկավարությունը 2018 թվականին ասում էր, որ Արցախը հայկական է, բայց միջազգային հարաբերությունների տեսակետից առանձին սուբյեկտ է։ Հայաստանի միակ ղեկավարը, ով հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է», անձամբ Նիկոլ Փաշինյանն էր, ինչը, ի թիվս այլ բաների, փակուղի հասցրեց բանակցային գործընթացը և իրավիճակը հասցրեց պատերազմի։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ Փաշինյանի կառավարության կարևորագույն «ուղեղային կենտրոններից» է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը, ԱՄՆ քաղաքացի, Հայաստանի փաստացի Թյուրքական աշխարհ ինտեգրման գաղափարի ջատագով Ժիրայր Լիպարիտյանը:
Սիմոնյանը կրկնում է Լիպարիտյանի այն թեզերը, որ «Ալիևը՝ սպառնալիքներով ուղղված Հայաստանին պարզապես հակակշիռ է ստեղծում այս նարատիվներին, որոնք կիրառվել են Հայաստանում անցյալ տասնամյակներում»։
Եթե անտեսենք զգացմունքները, ապա պետք է ասել, որ հայ ժողովրդին կրկին մոլորության մեջ են գցում՝ թաքցնելով սպառնալիքի իրական մասշտաբները։ Ալիևը կրկին պայթեցրել է Փաշինյանի քարոզչական փուչիկը. Հայաստանը, որպես անկախ պետություն, կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ: Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը վերջին 5 տարիների ընթացքում իրականացված աղետալի քաղաքականության արդյունք է։
Արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանի անփորձության կամ միտումնավոր քաղաքականության հետևանք է, Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո առանձին քննության թեմա է։ Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը մեր երկիրը հասցրել են աղետի եզրին:
Մտածեք այս ամենի մասին…»: