Ոչ մի պայմանագիր չի կարող Ադրբեջանին զսպել․ Արա Պողոսյան
29 Հունվարի 2024, 23:16
Հայաստանի իշխանությունները նախ բողոքում են, որ զենք վաճառող չկա, հետո բողոքում են, որ գումար կա, զենք չկա։ Alpha News-ի ուղիղ եթերում ՀՀ ղեկավարության խոսքերն է հիշեցրել քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Անվտանգային հարաբերությունները բազմաճյուղ հարաբերություններ են։ Խոսքը ոչ միայն վերաբերում է ռազմական համագործակցությանը, այլև տնտեսական, սոցիալական և այլն։ Կարևոր է, թե Հայաստանի իշխանություններն անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիա ասելով որ հարաբերությունները նկատի ունեն։ Եթե նկատի ունեն, մասնավորապես, ռազմական հարաբերությունները, կամ այդ հարաբերությունների սպառազինության կամ բանակաշինության մասը, ապա սրանք բավականին տարբեր եզրույթներ են։
Դատելով վերջին 3 տարիների իրենց խոսքից՝ կարծում եմ, որ պետք է հասկանալ, որ խոսքը հատկապես վերաբերում է և իրենք նկատի ունեն սպառազինությանը, որովհետև գիտենք, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները նախ բողոքում են, որ զենք վաճառող չկա, հետո՝ թե գումար կա, զենք չկա։ Հիմա այնպիսի իրավիճակ է Հայաստանի համար, որ իշխանությունները փորձում են հատկապես սպառազինությունների գնումը առավելապես կապել արևմտյան տեսակի սպառազինությունների հետ»,- ասել է Պողոսյանը։
Քաղաքագետը նշել է, որ Փաշինյանի՝ երեկվա խոսքից էլ այդ ամենը ենթադրելի էր։
«Սա կարելի է նաև վարչապետի երեկվա խոսքից հանել։ Մասնավորապես, երբ խոսում է արդիական սպառազինության մասին, տպավորություն է, որ դա ասելով՝ նկատի ունի հենց արևմտյան սպառազինությունը։ Ինչ վերաբերում է սպառազինությունների փոխադարձ վերահսկմանը, ինչ ասել է սա։ Նշանակում է՝ ինչ-որ մեխանիզմի ստեղծում, որը երկու կողմերին հնարավորություն կտա արձանագրություն ունենալու միմյանց սպառազինության ներմուծումների, քանակի և այլնի մասին։ Բայց կարծում եմ, որ հայկական կողմի մեկ տանկը նույնիսկ Ադրբեջանի համար բավարար է, որպեսզի հայտարարի՝ Հայաստանը խախտել է պայմանը, և դա կօգտագործի հենց Հայաստանի դեմ»,- ընդգծել է Արա Պողոսյանը։
Նա նշել է, որ ոչ մի պայմանագիր Բաքվին չի կարող զսպել։
«Չհարձակման պայմանագիրը խնդիրը կարճաժամկետ լուծելու նպատակ է հետապնդում։ Միայն Ադրբեջանին չճանաչող մարդը կարող է հույսեր փայփայել, որ որևէ պայմանագիր, առավել ևս՝ այսպիսի պայմանագիր կարող է Ադրբեջանին զսպել»,- եզրափակել է Արա Պողոսյանը։