Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին

15 Փետրվարի 2024, 11:20

Քաղաքականություն

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել դեսպանին և հաջողություններ մաղթել նրան իր առաքելության մեջ։ Կարևորելով երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ Հայոց Հայրապետը վերհիշել է արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լատվիացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է նաև Լատվիայի իշխանությունների՝ հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ լատվիահայ համայնքը ակտիվ ներգրավված է երկրի հասարակական կյանքում և կարևոր առաքելություն ունի երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում:

Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին, Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից բռնի տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ հայ ժողովուրդը կկարողանա պաշտպանել իր արդար իրավունքները։

Դեսպան Էդիթ Մեդնեն ևս անդրադարձ է կատարել երկկողմ բարեկամական հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դեսպանը կարևորել է առանց բռնի ուժի կիրառման, երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, ինչպես նաև տեղահանված արցախցիների լիարժեք ինտեգրումը Հայաստանում։