Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական և օգտակար էր. Ալիևը` Շմիդտին
18 Փետրվարի 2024, 23:23
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ասել է նաև, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ:
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն: