Ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար. Կաթողիկոսը՝ եկեղեցականներին
20 Փետրվարի 2024, 00:54
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ է փոխանցել վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորել է վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:
Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը պատգամել է քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։
Անդրադառնալով սփյուռքի հայորդիների Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորել է իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջև բարձրաձայնել Հայաստանի և տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերները։
Հայոց Հովվապետը կարևոր նկատել է նաև հոգևորականների գործուն մասնակցությունը հայորդիների կրթության և դաստիարակության գործում։
Հանդիպմանը վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունել է Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք իրենց օգտակարությունն են բերում քահանա հայրերի հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։