Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի օգնությունից, որպեսզի հետո մեղադրի Ռուսաստանին. Պյոտր Կոլչին

21 Փետրվարի 2024, 22:16

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինն Alpha News-ին մեկնաբանել է Երևանի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օգնությունից:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի աջակցությունից, որպեսզի հետագայում մեղադրի թե՛ կազմակերպությանը, թե՛ Ռուսաստանին ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման համար։

«Փաշինյանը շատ բարդ խաղ է վարում՝ հավասարակշռելով դիվանագիտական կարգավորման և հասարակության մեջ կայունության պահպանման միջև։ Իհարկե, հայ հանրությունը խիստ քննադատաբար է նայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա բոլոր փորձերին։ Որովհետև Փաշինյանը փաստացի համաձայն է Բաքվի բոլոր պայմաններին և ոչ մի քաղաքական կամք չի դրսևորում, չի կայացնում Հայաստանին ու հայ ժողովրդին ձեռնտու որևէ որոշում։

Ուստի, Փաշինյանի համար կարևոր է մանևրելու տեղ թողնել՝ պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա գցելու համար։ Եվ ՀԱՊԿ-ի օգնությունից հրաժարվելը կարող է բացատրվել հենց դրանով։

Եթե ՀԱՊԿ-ը միջամտեր կարգավորման ու կայունության պահպանման հարցում, ապա տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվության ողջ բեռը կընկներ Փաշինյանի վրա։ Եվ դա վերջնականապես կթաղեր նրա քաղաքական հավակնությունները։ Բայց Փաշինյանը փորձում է մանևրել սեփական շահերի միջև։ Այդ պատճառով ՀԱՊԿ-ից հրաժարվելը հայ-ադրբեջանական հարաբերություններում նրա դիվանագիտական կուրսի տրամաբանական շարունակությունն է»,- ասել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ օգնությունից հրաժարվելը լրացուցիչ նոր ռիսկ է Հայաստանի համար։

«Սրանք սպառնալիքներ են անգամ երկրի անվտանգությանը։ Բայց, ըստ երևույթին, Փաշինյանի համար սեփական քաղաքական հավակնություններն ամենակարևորն են»,- եզրափակել է Կոլչինը։

Հիմա եթերում