Լեգենդար մարզիկ Նորայր Նուրիկյանի թոռը կմասնակցի Բուլղարիայի պատանեկան առաջնությանը

24 Փետրվարի 2024, 16:35

Սպորտ

Նորայր Նուրիկյանը ծանրամարտի լեգենդ է: Ծնվել է 1948 թվականին: Նա Բուլղարիայում ծանրամարտի միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնն է (1972 և 1976): Նուրիկյանը նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (1972, 1976), աշխարհի հնգակի ռեկորդակիր։

Նորայրի հայրը՝ Արամ Նուրիկյանը, ընտանիքի հետ հազիվ է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ Ադանայի թուրքական կոտորածից՝ մյուսների հետ լողալով մինչև ռումինական ափեր։ Գրեթե անմիջապես շատերը տեղափոխվել են բուլղարական Սլիվեն քաղաք, որտեղ արդեն փոքր հայկական համայնք կար։ Այդ ժամանակ այնտեղ 300-ից ավելի հայ ընտանիք կար, իսկ մեկն էլ ավելացրել է ինքը՝ Արամն, ամուսնանալով իր նման հայկական Կիլիկիայից փախստականի հետ։ Արդեն 1948 թվականին Սլիվենում ծնվել է Նորայրը։

2011 թվականին Նորայր Նուրիկյանը Երևանում կայացած Համահայկական խաղերի պատվավոր հյուրն էր, և սա հայտնի ծանրորդի առաջին այցը չէր Հայաստան: Դեռևս 1980-ականներին նա հայտնի լրագրող Լևոն Ազրոյանին տված հարցազրույցում խոստովանել էր, որ ուր էլ այցելել է, ամեն երկրում միշտ հայ է փնտրել:

Նորայր Նուրիկյանի թոռը՝ նույնպես Նորայր Նուրիկյան (ծնված 2007թ.), ֆուտբոլիստ է և այժմ հանդես է գալիս Բուլղարիայի պատանեկան առաջնությունում «Լևսկի U17»-ի կազմում:

Կրտսեր Նորայրը ծնվել է ԱՄՆ-ում, սակայն ֆուտբոլային կարիերան սկսել է Բուլղարիայում՝ «Լոկոմոտիվ Պլովդիվ» թիմում, և հրավիրվել է Բուլղարիայի մինչև 15 տարեկանների հավաքական:

Նորայրը հարձակվող է, նախորդ մրցաշրջանում U16 առաջնությունում խփել է 11 գոլ: