Եթե ուրիշները որոշեն մեր ապագան, ապա Հայաստանը կկորցնի պետության կարգավիճակը․ Լեո Բաղդասարյան

23 Փետրվարի 2024, 22:44

Կարծիք

«Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» աուդիոգրքի պրոդյուսեր Լեո Բաղդասարյանը Alpha News-ի ուղիղ եթերում այն կարծիքն է հայտնել, որ Ադրբեջանն ամենևին էլ կրակի երկիր չէ։

«Ասում են՝ Ադրբեջանը կրակի երկիր է։ Ճի՞շտ է։ Ո՛չ։ Ադրբեջանի կարգախոսն է՝ «մենք գողանալու ենք ձեր պատմությունը և այրելու ենք այն, և եթե դա չի համապատասխանում մեր պատմածին, ապա չի համապատասխանում մեր քաղաքական նպատակներին»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Այնուհետև Լեո Բաղդասարյանը մանրամասնել է՝ ինչու են ստեղծել գրքի աուդիոտարբերակը։

«Կա բովանդակություն, որը հասանելի չի լինի ավելի լայն լսարանի, անգլիախոս լսարանի համար: Տարածաշրջանում կան բազմաթիվ լեզուներ՝ թուրքերեն, ռուսերեն, հայերեն, ադրբեջաներեն, պարսկերեն և արաբերեն: Այս տեքստերից շատերը հասանելի չեն եվրոպական տարածաշրջանի՝ անգլիախոսների համար, հասանելի չեն այստեղի հայերի և Սփյուռքի համար: Շատ կարևոր է, որ սփյուռքահայերը իմանան, թե ինչ է կատարվում հայրենիքում, և այս աուդիոգիրքը շատ ավելի հեշտ և մատչելի է դարձնում այս փաստերն ու պատմական իրադարձությունները հասկանալի մատուցելը»,- նշել է աուդիոգրքի պրոդյուսերը։

Բաղդասարյանը ցավով է նկատել՝ եթե հայերը թույլ տան, որ ուրիշները որոշեն իրենց ապագան, ապա Հայաստանը որպես պետություն այլևս գոյություն չի ունենա։

«Մենք ունեցել ենք ցեղասպանություն, մեր գենոֆոնդի 70-80% անհետացել է, և այն երբեք չի վերականգնվի: Այն պարզապես ընդմիշտ անհետացել է: Իսկ հայկական հարցը դեռ առկախ է, լուծված չէ։ Ադրբեջանը համաթյուրքական շարժման մաս է կազմում, փորձում է լուծել Հայկական հարցը։ Իսկ Հայկական հարցն, ըստ էության, հետևյալն է՝ եթե նրանք հայ չեն, ապա հարց չկա: Այս շաբաթվա սկզբին Հայաստանի տարածքում չորս զինվոր է սպանվել։ Նկատի ունեմ, որ սրանք հիմնարար հարցեր են:

Մենք պետք է հիշենք, որ մենք հայ ենք, մենք մեզ պետք է հարցնենք՝ ով ենք, որտեղից ենք եկել, ուր ենք ուզում գնալ, ուր ենք հասնելու: Մենք ոնց ենք որոշելու մեր ապագան, եթե չգիտենք ու չունենք ապագայի տեսլականը: Եթե թույլ տանք, որ մեկ ուրիշը մեր փոխարեն որոշի, ապա ցավում եմ, Հայաստանը կկորցնի պետության կարգավիճակը»,- ասել է Լեո Բաղդասարյանը։

Նրա փոխանցմամբ՝ «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» աուդիոգիրքը պատմական բոլոր փաստերն ու դեպքերի հաջորդականությունը փոխանցում է՝ բոլոր մանրամասներով։