Ստեփան Պողոսյանը և Սուրեն Պողոսյանը՝ Մոսկվայի մարզի շախմատի առաջնության բաց Սուպերֆինալի մասնակիցներ
Հայաստանից Ստեֆան Պողոսյանը և Սուրեն Պողոսյանը հանդես կգան Մոսկվայի մարզի շախմատի առաջնության բաց Սուպերֆինալում, որը տեղի կունենա փետրվարի 22-ից մարտի 2-ը, Օդինցովսկի շրջանի Երշովո պարկ-հյուրանոցի բազայում:
Ծրագրում կընդգրկվեն չորս մրցաշարեր՝ դասական շախմատի «A» մրցաշար՝ միջազգային կոչումների նորմերի կատարման հնարավորությամբ, կայծակնային շախմատի «B» մրցաշար, արագ շախմատի «C» մրցաշար և դասական շախմատի «D» մրցաշար բոլոր ցանկացողների համար: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի երեք միլիոն ռուբլի:
Ստեֆան Պողոսյանը մինչև 14 տարեկանների արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն է, պատանեկան համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր անհատական հաշվարկով, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր և մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: 2018 թվականին Ռիգայում կայացած «RTU-open» միջազգային փառատոնի շրջանակներում կայծակնային մրցաշարի հաղթող:
Սուրեն Պողոսյանը ՖԻԴԵ-ի վարպետ է, բազմիցս եղել է Երևանի պատանեկան առաջնությունների մրցանակակիր և չեմպիոն, երկու անգամ (2009 և 2010 թթ.) հաղթել Է «Moscow-open» փառատոնի սիրողական մրցաշարում: Ունի միջազգային վարպետի բոլոր նորմերը, 2015 թվականից Նոր Նորքի շախմատի դպրոցի տնօրենն է: Պողոսյանի սաները բազմիցս դարձել են Հայաստանի և Երևանի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ: