«Զելենսկու այցից Հայաստանի համար մարտահրավերները չեն ավելանա». քաղաքական մեկնաբան

26 Փետրվարի 2024, 22:48

Քաղաքականություն

Մարտահրավերները, որոնք կան Հայաստանի շուրջ, առանց այդ էլ շատ են և ունեն խորը արմատներ; Alpha News-ի հետ զրույցում այս համոզմունքն արտահայտեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Անգամ արևմտյան միջավայրում սա վառված խաղաքարտ է, և չեմ կարծում, որ Զելենսկու այցին տրվող այս մեծ նշանակությունը համարժեք է: Կրկնեմ՝ Հայաստանին սպառնացող վտանգները շատ ավելի մեծ են, և դա պետք չէ այս այցի լինել կամ չլինելով պայմանավորել»,- հավելեց նա։

Մեր հարցին, թե արդյոք Փաշինյանի հայտարարությունը՝ Ուկրաինայի հարցում Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն, որին հնարավոր է հաջորդի Զելենսկու այցը Հայաստան, չի՞ արտահայտում Հայաստանի թշնամաբար տրամադրվածությունը Ռուսաստանի հանդեպ, Բադալյանը պատասխանեց, որ այդ հայտարարությունը իրավիճակային էր.

«Պատկերն առանց այդ հայտարարության էլ ակնհայտ էր, և Հայաստանի վարքագծի վերաբերյալ որևէ նորություն չկա: Փաշինյանի հայտարարությունները կապված են Արևմտյան երկրների առաջ ինքնիշխանության ապացուցման անհրաժեշտությամբ»:

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ այս ամենով Փաշինյանն ակնկալում է Արևմուտքի պատասխանատվությունը՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից․

«Թշնամի անվանելը տեղին չէ, քանի որ, օրինակ՝ Ռուսաստանն էլ Ադրբեջանի հարցում Հայաստանի դաշնակիցը չէ, նա այդ մասին չի հայտարարում, բայց իր քաղաքականությունն ու գործողությունները դա են վկայում: Սակայն Ռուսաստանը այդ ամենով չի հռչակվում Հայաստանի թշնամին»:

Բադալյանը նաև հավելեց, որ դաշնակից չլինել, չի նշանակում լինել թշնամի: