Ադրբեջանը հույս ունի ուժային պրեսինգի միջոցով հասնել նոր զիջումների. Արա Պողոսյան
27 Փետրվարի 2024, 22:00
Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցություններին ընդառաջ փորձում է ուժի սպառնալիքի միջոցով նոր զիջումներ պարտադրել Հայաստանին:
«Ադրբեջանական իշխանությունների քաղաքական խոսույթն այն է, որ իրենց համար կարեւոր է ուժի սպառնալիքն ու ուժի ուղղակի գործադրումը: Սա, իհարկե, կախված է հանգամանքներից, արդյոք այդ հանգամանքները թույլ են տալիս ուժի ուղիղ կիրառում, թե դրանք թույլ են տալիս միայն ուժի սպառնալիք: Ցավոք, Հայաստանի իշխանությունների վարքագիծը թույլ է տալիս ադրբեջանական իշխանություններին հույս ունենալ, որ այդ վարքագիծը լինելու է արդյունավետ ու պրեսինգն աշխատելու է Հայաստանի վրա: Մենք տեսել ենք, որ ՀՀ իշխանությունները կարմիր գծեր են հռչակել, բայց ամեն անգամ Բաքվի պրեսինգային քաղաքականության հետեւանքով Հայաստաը սկսել է փոխել իր կարմիր գծերը: Սա Ադրբեջանին թույլ է տալիս հույս ունենալ, որ Երեւանի կողմից հռչակված ցանկացած կարմիր գծից հետո ուժային պրեսինգի միջոցով կարելի է հասնել նոր զիջումների եւ ռազմավարական նպատակների»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արա Պողոսյանը:
Ադրբեջանի նախագահը նախօրեին Խոջալու կատարած այցի ժամանակ հանդես եկավ նոր սպառնալիքով՝ հայտարարելով, թե «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»:
Իլհամ Ալիեւը Հայաստանին ուղղված այս սպառնալիքը հնչեցրեց Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցություններին ընդառաջ. փետրվարի 28-29-ը Բեռլինում նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:
Քաղաքագետ Արա Պողոսյանն այս բանակցություններից սպասելիքներ չունի:
«Սա լինելու է հերթական հանդիպումը, իսկ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը դեռ հեռու է իրականություն դառնալուց»,- ասաց նա:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի հարձակման հավանականության մասին, քաղաքագետը շեշտեց, որ պատերազմի վտանգը միշտ էլ բարձր է եղել:
«Փաշինյանի հայտարարությունը երկու ուղղություն ունի. առաջինը՝ գտնվելով Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը Հայաստանի համար ներկա պահին հիմնական ռազմաքաղաքական գործընկերն է, փորձ արվեց Ֆրանսիայի կողմից օժանդակություն ապահովել, այլ հարց է, թե դա ինչ տեսքով կլինի: Բայց Նիկոլ Փաշինյանի հայտարությունն ինձ համար տարօրինակ էր, քանին որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում էին, որ մենք մոտենում ենք խաղաղության դարաշրջանին եւ Ադրբեջանն էլ կառուցողական է տրամադրված դրան: Իսկ երբ մենք խոսում էինք պատերազմի հավանականության ու այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի ձախողման մասին, մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Բայց իրենք ստիպված եղան առերեսվել իրականության հետ եւ խոստովանել պատերազմի հավանականության մասին: Դրա մասին նրանք հայտարարեցին միայն այն ժամանակ, երբ պատերազմի հավանականությունը մեծացավ, Ադրբեջանից հնչեցին ուժի կիրառման սպառնալիքներ, այս կերպ նրանք հնարավորություն չտվեցին ժողովրդին տեղեկացված լինել եւ իշխանություններից պահանջել համապատասխան քայլեր կատարել, կազմակերպվել, ինչը կբարձրացներ ժողովրդի ու պետության դիմադրողականությունը»,- հավելեց Արա Պողոսյանը: