Ադրբեջանի ղեկավարությանը կոչ եմ անում ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը. Մարինա Կալյուրանդ
28 Փետրվարի 2024, 13:56
Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի ելույթ է ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված նիստում:
«Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ: Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով:
Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և հանրապետության ներգրավվածությունը խաղաղության ծրագրին: Կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է սկսել երկխոսությունը վիզայի ազատականացման հարցով և աջակցել, որ Հայաստանն ավելի լայն ընդգրկվի կապի և տարածաշրջանային այլ ծրագրերում:
Միաժամանակ, Հայաստանը շատ աշխատանք ունի անելու: Այն մեծապես կախված է Ռուսաստանից, այնտեղ է տեղակայված ռուսական բանակը:
Եվ վերջապես, 30 տարվա տառապանքներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդն արժանի է խաղաղ ու անվտանգ ապրելուն: Ես կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանն ընդունել խաղաղության համապարփակ համաձայնագիրը, որը նախատեսում է միմյանց ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության ճանաչում, ուժի չկիրառում»,- ասել է էստոնացի պատգամավորը: