Էրդողանը ուզում է իր վրա վերցնել պատերազմը կանգնեցնողի դերը․ Հայկ Խալաթյան

Թուրքիան այս պահին կարևոր դեր է խաղում Ռուսաստանի համար, օրինակ՝ պատժամիջոցներից խուսափելու համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն և Alpha News-ի՝ Մոսկվայի խմբագրության ներկայացուցիչ Հայկ Խալաթյանը։

«Դրանից բացի գաղտնիք չէ, որ Թուրքիան գլխավոր միջնորդներից է ուկրաինական կոնֆլիկտում։ Այս պարագայում, եթե ռուսական կամ ուկրաինական կողմերից մեկը պատրաստվի գնալ որոշակի համաձայնությունների՝ զինադադարի կամ հաշտության պայմանագրի, անշուշտ, մեծ դեր է խաղալու հենց Թուրքիան։ Էրդողանը նաև չի թաքցնում, որ ուզում է իր վրա վերցնել պատերազմը կանգնեցնողի դերը։

Բոլորս հիշում ենք՝ 2022թ-ին Ստամբուլում կողմերը գրեթե պայմանավորվել էին, բայց որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը խոստովանեց, որ անգլիական, բրիտանական հորդորներին լսելով՝ չգնացին այդ քայլին»,- նշել է Խալաթյանը։

Նա վստահեցնում է, որ Լավրովը գնաց Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ցույց տալու, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել տարբեր հարցեր։

«Լավրովը հենց դրա համար գնաց Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ցույց տալու, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել տարբեր հարցեր, իսկ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով, դա նաև Կովկասն է, Սիրիան, Լիբիան, Մերձավոր Արևելքը, էլ չեմ խոսում տնտեսական հարցերի մասին»,- եզրափակել է Խալաթյանը։