Արևմուտքը ձգտում է Հայաստանը վերածել գործիքի՝ Մոսկվայի դեմ վարած իր քաղաքականությունում․ ՌԴ ԱԳՆ

11 Մարտի 2024, 18:07

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ իրենք ուշադրություն են դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որ նշել էր՝ պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում։

«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիպիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին ավելի վաղ հայտարարել էր, թե այդ երկիրը ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցել Ռուսաստանի «սպառնալիքներին» դիմակայելու հարցում։