Հայաստանում ամենաբացասական զարգացումների դեպքում կկրկնվի Արցախի պատմությունը. Ալեքսանդր Կռիլով
16 Մարտի 2024, 18:10
Քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի ուղիղ եթերում ընդգծել է, որ եթե ռուսները հեռանան Հայաստանից, ապա Հայաստանի անկախությունը պահպանելու հեռանկարներ այլևս չեն լինի:
«Եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ ժամանակ խաղաղությունը հնարավոր է ավելի մոտենա։ Բայց այդ պահանջներն աստիճանաբար աճում են, նրանք սկզբում հավակնում են մի բանի, հետո՝ մեկ այլ բանի, բայց դրանց վերջնական նպատակը փաստացի նշված է. դա այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է, իսկ Երևանը բուն ադրբեջանական քաղաք է, հայերն էլ այլմոլորակայիններ են, որոնք պետք է հեռանան։ Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, ցույց է տալիս, որ Հայաստանում էլ կարող է կրկնվել նույնը՝ իրադարձությունների ամենաբացասական զարգացման դեպքում։ Եվ այստեղ շատ առումներով ամեն ինչ կախված է այն քաղաքականությունից, որը կվարի Հայաստանի ղեկավարությունը։
Իհարկե, Ռուսաստանի նկատմամբ բազմաթիվ հավակնություններ կան, բայց եթե համարենք, որ 1991 թվականից Հայաստանը գոյություն է ունեցել որպես անկախ պետություն, ապա որքան կդիմանա, եթե ռուսները հեռանան։ Հիշում եք, թե ժամանակին ինչ էր գրում հայ մտածողներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը: 1923 թվականին Բուդապեշտում լույս տեսած իր հուշերում նա գրել է, որ եթե ռուսները հեռանան Հայաստանից, ապա Հայաստանի անկախության պահպանման հեռանկարներ չեն լինի: Բայց դա գրվել է այն ժամանակ, երբ հաստատվեց Սովետական իշխանությունը: Եթե ռուսները հեռանան Հայաստանից, ապա բոլոր հնարավոր ռիսկերը շատ անգամ կմեծանան։
Մենք ունենք տարբեր պետություններ, մենք անկախ ենք միմյանցից և շահերը շատ առումներով տարբեր են, բայց, այնուամենայնիվ, մենք շատ ընդհանրություններ ունենք։ Այն երաշխիքները, որ տալիս էր Ռուսաստանը, թույլ տվեցին Հայաստանին գոյատևել ավելի քան քառորդ դար։ Եթե ռուսական զորքերը հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել Հայաստանի համար շատ անբարենպաստ ուղղությամբ», — նշել է փորձագետը։