Հնագետները Թուրքիայում գտել են Հայոց Երվանդունի արքայատանը պատկանող Անտիոք I թագավորի արձանագրությունը

19 Մարտի 2024, 16:10

Մշակույթ

Թուրքիայում գտել են 2100-ամյա արձանագրություն. «Կոմմագենեի Անտիոք արքան մարդկանց հորդորում է ենթարկվել եւ հարգել օրենքը», տեղեկացրել է Arkeonews-ը։

Արձանագրությունները գտել են 2023թ. թուրքական գյուղի բնակիչները։ Այդ մասին նրանք տեղեկացրել են թանգարանին, եւ Օքսֆորդի ու Պիզայի համալսարանների գիտնականները եկել են ուսումնասիրելու դրանք։ Դժվար տեղանքի եւ թեք ժայռերի պատճառով հայտնաբերված նմուշները օդով տեղափոխվել են Պերե քաղաք՝ ռազմական ուղղաթիռի եւ ճոպանների օգնությամբ։

Արձանագրություններում Անտիոք I թագավորի հորդորներն են։ Նա ժողովրդին կոչ է արել «ենթարկվել եւ հարգել օրենքը»։ Հակառակ կողմում Անտիոք I-ի եւ Միհրդատ I-ի պատկերներով ռելիեֆն է։

Անտիոք I-ը (մ.թ.ա. 69–34թթ.) Կոմմագենեի արքան էր։ Նա հայոց Երվանդունի արքա էր, կիսով չափ հույն, կիսով չափ իրանցի, եւ հայտարարում էր, որ սերում է Դարեհ I թագավորից։ Կոմմագենեն գոյություն է ունեցել մ.թ.ա. 163-ից մինչեւ մ.թ. 72 թվականը, երբ դարձել է հռոմեական նահանգի՝ Սիրիայի մի մասը։ Նրա գերեզմանը գտնվում է Նեմրութ լեռան գագաթին։

Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնաբերած արձանագրությունը լույս կսփռի մարդկության եւ Կոմմագենեի պատմության վրա։