Որքանով է դա լավ կամ վատ, ապագան ցույց կտա. Դմիտրի Կորնևը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին
20 Մարտի 2024, 22:32
Ռազմական փորձագետ, «MilitaryRussia.ru» կայքի հիմնադիր Դմիտրի Կորնևն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից հաստատված ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ցանկանում է փոխարինել ռուս սահմանապահների հեռացումը:
«Հայաստանն այժմ ցանկանում է դադարեցնել ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի տարածքում և ռուսների բացակայությունը փոխարինելու համար ցանկանում է հրավիրել եվրոպացիներին։ Եվ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական պատկերը, ընդհանուր առմամբ, ոչ մի արտառոց բան չկա, դա սպասելի է։ Խոսել այն մասին, թե որքանով է դա լավ կամ վատ, ապագան ցույց կտա: Մենք չգիտենք՝ դա լավ է, թե վատ։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ դա լավ է»,- ասել է Կորնևը։
Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համար տարբերություն չկա՝ այնտեղ կհայտնվեն ռուս սահմանապահներ, թե եվրոպացի դիտորդներ։
«Ադրբեջանի և Թուրքիայի համար, սկզբունքորեն, ոչինչ չի փոխվում։ Այսինքն՝ ինչպես նրանք իրենց հարաբերությունները կառուցել են իրենց ձևով, այնպես էլ շարունակելու են կառուցել։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ նման որոշում իրենց պետք է, և այն ավելի ճիշտ է իրենց համար ։ Ռուսական տեսանկյունից դա վատ է»,- եզրափակել է Կորնևը։